«Առավոտ»-ն զրուցել է «Բերկուտ» թիկնապահական քոլեջի ուսումնական մասի պետ, զենքի գծով փորձագետ Տիգրան Սահակյանի հետ. «Եթե մարդ մարտական գործողություններ չի իրականացնում կամ ինչ-որ կարևոր ծառայություն չի մատուցում, իրավունք չունի հասարակության մեջ զենքով ման գալու»,- ասել է պարոն Սահակյանը:

Թերթը մանրամասնում է «Թեև փորձագետը կարծում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում իրավիճակը կառավարելի է, քանի որ հիմնականում զենքերը գրանցված են, սակայն խնդիր է համարում, որ մեր երկրում քաղաքացիական զենքի մի շարք տեսակներ, որոնք ազատ վաճառվում են խանութներում, և 18 տարին լրացած ցանկացած անձ կարող է այն ձեռք բերել, տրվում է առանց առողջական վիճակի մասին (տեսողության խախտում, հոգեկան հիվանդություն, ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն) հավաստող փաստաթղթի։ 

Տիգրան Սահակյանի ներկայացմամբ՝ քաղաքացիական գենք է համարվում նաև որսորդական ոչ ակոսավոր, հարթափող հրացանը, որի տարբերությունը ակոսավորից հեռահարության մեջ է և ավելի դիպուկ խփելու, չնայած մասնագետը վստահեցնում է, որ երկու զենքից արձակած կրակոցն էլ կարող է մահացու լինել։ Փորձագետի մեկնաբանմամբ՝ գազով ատրճանակն էլ իր վտանգն ունի, «եթե մարդկանց մեջ ինչ-որ դեպք է պատահում, և գազով ատրճանակ կրող մարդն այդ զենքն օգտագործում է՝ չիմանալով, որ դիմացինը ասթմատիկ կամ հիպերտոնիկ հիվանդ է, սրտային խնդիրներ ունի, կարող է մարդու մահվան պատճառ դառնալ»։

Գնդիկավոր, օդամղիչ զենքերը, որոնք ևս դասվում են քաղաքացիական զենքերի շարքին, նույնպես խանութներում ազատ վաճառվում են։ Սակայն դրանք կրելու իրավունք մարդը չունի և չի կարող այն դնել գրպանն ու ման գալ, քանի որ նախատեսված են զուտ սպորտային միջոցառումների համար»,–հավելում է պարբերականը։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: