«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց կառավարության ֆոնդից ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությանը» տրամադրել 5 միլիոն 935 հազար դրամ։ Այդ գումարի հատկացումը, ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, պայմանավորված է «մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններ կազմակերպելու և տոնը պատշաճ կերպով նշելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտությամբ»։

Հատկացված գումարից 5 միլիոն 625 հազար դրամը ծախսվելու է 450 հոգու ընդունելություն կազմակերպելու համար (յուրաքանչյուր անձի հաշվով 12 հազար 500 դրամ)։ 200 հազար դրամը ծախսվելու է մեկ օրով 4 հատ մեքենա վարձելու վրա, 90 հազար դրամ հատկացվելու է մեկ հատ ծաղկեպսակ գնելու համար և 20 հազար դրամի էլ ծաղիկներ են գնվելու։ Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը ճոխ է տոնելու Հայաստանի առաջին հանրապետության տոնը»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: