«Հայկական ժամանակը» գրում է. «Նախօրեին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի գործարար, «Tower» ավիաուղիների սեփականատեր Տիգրան Ալթունը ասել է, որ Ստամբուլ-Երևան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է: Վերջինս հայտնել է, որ շաբաթական 2 անգամ կիրակի և չորեքշաբթի օրերին իրականցվող Ստամբուլ-Երևան ինքնաթիռի չվերթն այսուհետև կիրականացվի շաբաթվա մեջ մեկ անգամ կիրակի օրերին: Ալթունը, նշելով, որ տոմսերի արժեքի փոփոխություն չեն նախատեսում, ասել է. «Մեր պահանջարկի 90%-ը Հայաստանից է: Հիմնականում առևտրի նպատակով եկողներ են: Այս առումով, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունն է խնդիրներ ստեղծողը: Վերջին ժամանակներում գնացող-եկողների թիվը նվազել է»: Երեկ կապ հաստատեցինք Տիգրան Ալթունի հետ՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը, և հնարավոր է թռիչքների կրճատումը շարունակական բնույթ ունենա: Ալթունը մեր թղթակցի հետ զրույցում դժվարացել է ապագայի վերաբերյալ հստակ պատկեր ներկայացնել, միայն հայտնել է, որ ներկա դրությունը շատ լուրջ է և մտահոգիչ: «Մեր հաճախորդների 90 տոկոսը մանր առևտրով զբաղվողներն են, և եթե առաջ ամիսը մեկ անգամ էին Երևան գալիս, հիմա այլևս 3-4 ամիսը մեկ են գալիս, սա նշանակում է, որ իրենց տարած ապրանքները չեն կարողանում վաճառել և դրա համար էլ չեն գալիս: Նրանք մեզ հետ զրույցում ասում են, որ փող չկա էլ ինչո՞ւ գան, երբ իրենց տարածը չեն կարողանում վաճառել, էլ ինչո՞ւ գան»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։