Երբ գովազդը մեծ ալիքով մտավ հանրային կյանք, քչերը կարող էին պատկերացնել, թե ուր կարող է հասնել ստեղծարար միտքը: Սկզբում` զանգվածային լրատվամիջոցներ, հետո` դուրս, հնարավորինս դուրս` դեպի փողոց, քաղաք...

Այսօր ամեն անկյունում կարող ես տեսնել մի հսկա վահանակ` միևնույն տեքստով ու կադրերով, ամեն վայրկյան կարող ես հանդիպել շենքերի պատերից փակցված ու արդեն խամրած պոստեռների, ու նրանք միշտ այնտեղ են` միևնույն բովանդակությամբ ու տեսքով: Իսկ քաղաքն ապրում է, շնչում, քայլում ու... անհետանում: Այո: Օրվա ընթացքում քանի՞ անգամ եք նույն կանգառում կանգնել, քանի՞ անգամ եք միևնույն վահանակի գովազդը կարդացել: Շատ քիչ, քանի որ արդեն գիտեք` որտեղ ինչ է տեղադրված: Բայց, հիմա ուշադիր, օրվա ընթացքում քանի՞ կանգառում են կանգնում երթուղայիննները: Օրվա ընթացքում քանի՞ կիլոմետր են նրանք կտրում-անցնում քաղաքում: Ստորև թվեր էլ կներկայացնենք, իսկ հիմա` նրանց գովազդի մասին:

Արտակ Համբարձումյան` շարժական գովազդի փորձագետ- «Այսօր ամբողջ աշխարհում հայտնի է արտաքին գովազդի արդյունավետությունը, որի մեջ իր յուրահատուկ դիրքն ունի շարժական գովազդը: Ցանկացած քաղաքում չկա անպիսի մի մարդ, ով ամեն օր չառնչվի արտաքին գովազդի հետ, այդ իսկ պատճառով տվյալ տեղեկատվությունն ուղղակի չի կարող չհասնել իր անմիջական սպառողին: Շարժական գովազդի զարգացումն ու կատարելագործումը շատ արագ եղավ, որովհետև նրա առավելությունները շատ ավելի շատ են: Նախ` թիրախ խմբին բացառիկ հասանելիությունը, ընտրության բազմազանությունը, շարժման փոքր արագությունն ու ամենագնացությունը և այլն»: 

90-ականներն էին, երբ արտասահմանցի գործարարները շատ արագ կարողացան գնահատել հասարակական տրանսպորտի վրա տեղադրված գովազդի արդյունավետությունը: Ու տրոլեյբուսներին հայտնվեցին առաջին շարժական գովազդները, որոնք այսօր մրցավազքի մեջ են մտել իրենց կրեատիվությամբ ու անիրական թվացող պատկերներով: Արդյունքում` գովազդը հայտնվում է ամենուր, լինում ամեն փողոցում, ամեն անկյունում, ընկալելի դառնում ամեն քաղաքացու, միևնույն ժամանակ` չդառնալով քաղաքի գունաբղետ անցուդարձի մի մասը: Շարժական գովազդն այս իմաստով էլ առանձնանում է` իր թիրախին հասնելով միանգամայն այլ միջոցներով: 

Ըստ վիճակագրական տվյալների Երևան քաղաքում յուրաքանչյուր ավտոբուսից օրական օգտվողների քանակը կազմում է 500-600 ուղևոր, ովքեր միջին հաշվարկով երկու անգամ օգտվում են հասարակական տրանսպորտից: