Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքում քաղաքական էլիտան չի փոխվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, Yerevannews.am-ի (Երևան Նյուզ) հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Այսինքն՝ վերնախավը շարունակում է իշխել այդ պետությանը և հետևաբար սպասել, որ արտաքին քաղաքականության մեջ պաշտոններում նոր մարդկանց հայտնվելու հետ կապված վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կփոխվի, ես պետք է ասեմ նման սպասելիքներ չկան»,- ասում է քաղաքագետը:

Մեկնաբանելով Ռ. Էրդողանի նախագահ ընտրվելու փաստը և Դավութօղլուի վարչապետի պաշտոնում նշանակվելու ենթադրությունը՝ քաղաքագետը հավելեց. «Բայց ընդհանուր առմամբ, այո՛, պետք է հասկանալ, որ մենք մտնում ենք Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջան, և բնական է, որ այս ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները գնալով ավելի կսրվեն և գնալով ավելի կլարվեն: Այսինքն՝ լարվածություն կլինի, բայց դա կապ չի ունենալու ո՛չ Էրդողանի՝ նախագահ ընտրվելու հետ, ո՛չ էլ Դավութօղլուի վարչապետ լինելու հետ, եթե նա նշանակվի»:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի նորընտիր նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր առաջին նախագահական այցը կկատարի Ադրբեջան: