Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն ու սիրտը՝ Գյումրին, այսօր նշում է քաղաքի տոնը: Քաղաքում տիրող տրամադրությունները մեզ փորձեց փոխանցել «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը: 

«Գյումրին երկփեղկված քաղաք է. Կա քաղաքի կորիզը՝  մարդիկ, ովքեր որոշակի ձևով ապահովված են կամ մշակույթի ոլորտից են, և մարդիկ, ովքեր ընչաքղցության մատնված ապրում են տնակային պայմաններում, որոնց համար գրեթե ոչինչ չի նշանակում քաղաքի տոնը»-մեզ հետ զրույցում նշեց Վահան Թումասյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում անկախ սոցիալական ծանր վիճակին քաղաքի բնակիչները միշտ էլ հպարտացել են իրենց քաղաքով: «Շիրակ կենտրոնի» ղեկավարը մեր հետ զրույցի ընթացքում քիչ առաջ էր այցելել Հ. Շիրազի թանգարանում կազմակերպված միջոցառումից և նշեց, որ շատերն էին այցելել, ինչը ստիպում է հասկանալ, որ գյումրեցիները ամեն դեպքում չեն կորցրել իրենց այն յուրահատկությունը, ամեն առիթը օգտագործելու՝ իրենց քաղաքով ուրախանալու համար:

Անդրադառնալով քաղաքի խնդիրներին, Վահան Թումասյանը նշեց, որ առաջինը արտագաղթն է:

«Պետք է կանխել արտագաղթը, որը հնարավոր է անել աշխատատեղերի ստեղծմամբ,  հոգեբանական մթնոլորտի բարելավման և անօթևանության լուծման ուղղությամբ»,- նշեց Վ. Թումասյանը՝ հավելելով, որ այս և մի շարք այլ խնդիրների լուծման վերաբերյալ իշխանությունների կողմից առհասարակ ոչինչ չի արվում:

«Տեղական իշխանությունները իրենց սուղ միջոցների և տեղական բյուջեի հնարավորությունների սահմաններում զբաղվել են քաղաքի կենտրոնական փողոցների , մշակութային կենտրոնների և մի շարք այլ խնդիրների կարգավորմամբ, իսկ այն խնդիրները, որոնք լայնածավալ ներդրումների ու մեծ ուշադրություն են պահանջում, արդեն 2-3-րդ տարին է՝ համատարած լռություն է:

Վ. Թումասյանը նշում է, որ հասկանալի է, արդեն 26 տարի է անցել երկրաշարժի հետևանքները կորցրել են իրենց արդիականությունը, բայց խնդիրները ավելի են  խորացել՝ թողնելով ցավալի հետևանքներ: Այս առումով հրաշքը կարող է փրկել միայն:

«Բնակարանային շինարարությունը շատ անկազմակերպ ու անորակ ընթացավ: Այդ առումով, նույնպես, ոչինչ չի արվում: Վերջին հաշվով հանրապետության երկրորդ քաղաքն է, մշակութային կարևորագույն օջաղներից մեկը, բայց և թե՛ քաղաքի, և, թե՛ մշակույթի վերականգնման առումով զրոյական վիճակ է»,- ասաց  «Շիրակ կենտրոնի» ղեկավարը, նշելով, որ աղետի գոտի լինելով հանդերձ Գյումրու խնդիրներն այնքան մեծ են, որ դրանք համայն հայության ուշադրության կենտրոնում պետք է լինեին: