«Հայաստանի ձայնը 3» մեգանախագիծը հասել է իր կուլմինացիային: Այս շաբաթ ողջ Հայաստանը կիմանա նոր հաղթողի անունը: Եզրափակիչ դուրս եկած 4 մասնակիցներից մեկը Եվա Ռիվասի թիմի ներկայացուցիչ Վահե Ալեքսանյանն է: YerevanNews.am-ը մեծ եզրափակչի նախօրեին զրուցել է երիտասարդ և տաղանդավոր երգչի հետ:

-Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան եմ ավարտել: Երկար ժամանակ սպորտով եմ զբաղվել և իմ ապագան ավելի շատ այդ ասպարեզում էի պատկերացնում, բայց երգիչ դառնալը միշտ եղել է իմ ամենամեծ երազանքը: Գիտեմ դաշնամուր նվագել, իսկ բանակում եղած տարիներին ժամանակիս մի մասը կարողացա շահավետ օգտագործել և սովորեցի նաև կիթառ նվագել:

Մտածե՞լ է արդյոք «Հայաստանի ձայնը 3» նախագծից հետո իր ծրագրերի մասին հարցին, Վահեն պատասխանեց՝

«Հայաստանի ձայնը 3» նախագիծը հաղթեմ, թե՝ ոչ, միևնույն է, ավարտից հետո շատ եմ ուզում տեսահոլովակ նկարահանել: Արդեն երգ ունեմ ձայնագրած, և ծրագրել եմ հենց այդ երգի հիման վրա էլ նկարահանել տեսահոլովակս: Նախագծի ավարտից հետո, կարծում եմ, սխալ կլինի երկար դադար պահել և չերևալ էկրաններին: Այդ պատճառով էլ արդեն որոշել եմ իրականացնել տեսահոլովակ ունենալու ծրագիրս: