ՍՊԾ-ի դիտացանցը ս.թ. ապրիլի 2-ից մինչև 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է երկրաշարժ, որը տեղի է ունեցել Գավառ քաղաքից 9 կմ դեպի հարավ-արևելք: Ապրիլի 6-ին գրանցված 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6) ստորգետնյա ցնցումն զգացվել է Գավառ, Մարտունի քաղաքներում և Երանոս գյուղում` 3-4 բալ, իսկ Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Ինչպես հայտնում են «ՍՊԾ» գործակալությունից, տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Ապրիլի 2-ից 3-ը երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել Թուրքիայի Վան քաղաքի տարածքում, որից երկուսը` 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4), մեկը` 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0): Ապրիլի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Սալմաստ քաղաքից 30 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 2.6): Ապրիլի 4-ին նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրանում` Թավրիզ քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևելք:

Տարածաշրջանից դուրս. ապրիլի 2-ին 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի Լամբասա քաղաքից 260 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: