Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Գյուղարտ» ՓԲԸ-ի սպանդանոցում հայտնաբերված բրուցելոզ հիվանդության տարածման պատճառը կամ վարակի աղբյուրը դեռ պարզ չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ, ինչի արդյունքում էլ կբացահայտվեն պատճառներն ու մեղավորները:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ստացել էր ահազանգ այն մասին, որ մարտ ամսվա սկզբին Կապան քաղաքի թվով 6 բնակիչ տեղափոխվել են տեղի հիվանդանոց՝ բրուցելոզ հիվանդության կասկածով: Կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել, որ դեպքի առնչությամբ պատկան մարմինները՝ ի դեմս Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների, լռում են:

«Տպավորություն է, թե պատկան մարմինները ցանկանում են կոծկել դեպքը, քանզի ի տարբերություն երկրում առկա փորձի՝ հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ: Պատկան մարմինների լռությունը կարող է ունենալ երկու պատճառ: Առաջինն այն է, որ նշված սպանդանոցը պատկանում է գործարար Մաքսիմ Հակոբյանին, երկրորդ՝ 2013-ին Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել են վակցինացման աշխատանքներ»,- ասվում էր կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/Կ-ից հայտարարությունից հետո մամուլում տարածվեց նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արձագանքը:

Ինչո՞ւ պատկան մարմինը խնդրի մասին բարձրաձայնեց հասարակական կազմակերպությունից ավելի ուշ, երբ ըստ էության, իմացել է դեպքի մասին, գուցե պատճառը սպանդանոցի սեփականատիրոջ Մաքսիմ Հակոբյանի գործո՞նն է եղել: Times.am-ի հարցին ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը նկատեց. «Նույն օրն են տեղեկացված եղել և ծառայությունը, և կազմակերպությունը: Երբ առողջապահության նախարարությունից ահազանգ ենք ստացել, անմիջապես արձագանքել ենք և օրենքի սահմաններում դիմել համապատասխան գործողությունների: Իսկ այն, որ հրապարակումը եղել է ուշ, բնավ, էական չէ»:

Միաժամանակ, ոլորտի պատասխանատուն շեշտեց, որ թույլ է տրվել կենսաանվտանգության չափորոշիչների խախտում, եթե սա չլիներ, ապա անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի: Այսինքն՝ մորթ անողները չեն կրել ձեռնոց, համապատասխան ակնոց, չեն պահպանվել հիգիենայի տարրական պայմանները:
Այս համատեքստում Հովհաննես Մկրտչյանը վստահեցրեց, թե երբ այցելել են սպանդանոց, աշխատակիցները ձեռնոցով և արտահագուստով են եղել:

Հակադարձմանը՝ հանկարծակի այցեր կատարե՞լ եք, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետը պատասխանեց, թե արտահանման գործընթացը պահանջում է համապատասխան տեղեկանք, ինչը նշանակում է, որ այցեր, իհարկե, եղել են:

Այստեղ Հովհաննես Մկրտչյանը հարկ համարեց հիշեցնել, որ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գյուղարտ» ՓԲԸ-ն 2014 թվականի հունվարի 21-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության վեց մարզերից և ԼՂՀ-ից համապատասխան ուղեկցող (անասնաբուժական վկայական N1) փաստաթղթերով ընդունել և սպանդի է ենթարկել թվով 24.494 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Համաձայն անասնաբուժական N1 վկայականների (ուղեկցող փաստաթուղթ)` սպանդի ընդունված կենդանիները եղել են առողջ: Փաստաթղթային նման ուսումնասիրությունը ժամանակատար գործընթաց է, և չնայած փաստաթղթերի մեծ ծավալին ու վարակի ներթափանցման ուղին մի քանի ամիս հետո հայտնաբերելու դժվարությանը, հետագծելիության սկզբունքով առանձին-առանձին ուսումնասիրվել են բոլոր ուղեկցող փաստաթղթերը:

Դիտարկմանը, թե այդ սպանդանոցը միջազգային չափանիշներին համապատասխան սպանդանոց է, ինչպես է եղել, որ հենց այդտեղ է դեպքն արձանագրվել, Հովհաննես Մկրտչյանը պնդեց, թե միջազգային չափորոշիչներին համապատասխան լինելը դեռ չի նշանակում, որ կանխարգելվում է հիվանդ կենդանու մուտքը սպանդանոց. «Միջազգային չափորոշիչները վերաբերում են շենքային պայմաններին, սարքավորումներին և այլն։ Իսկ ներսում աշխատող մարդիկ պարտադիր պետք է արտահագուստով լինեն, հետևեն իրենց սանիտարական պայմաններին և անվտանգությանը»,- ավելի վաղ ասված միտքը կրկնեց Մկրտչյանը՝ բացառելով կատարված գործողությունների հիմքում Մաքսիմ Հակոբյանի գործոնը:

Վերջին պնդումը կրկնեց նաև ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի
տնօրեն Արմեն Ավագյանը. «Սա անձի հետ կապ չունի»:

Փոխարենն Ավագյանը Մաքսիմ Հակոբյանին պատկանող սպանդանոցում բրյուցելոզի տարածման մեղքը գցեց աշխատակիցների վրա.

«Չի բացառվում, որ հիվանդ կենդանիներ են մորթվել սպանդանոցում, որ կենդանիները սպանդի են ենթարկվել հիգիենայի կանոնների խախտմամբ: Հարցնում եք, թե ո՞վ է մեղավորը, ես կասեմ, որ առաջինը նախ մարդն է մեղավոր: ՀՀ օրենքին համապատասխան` բրուցելոզով հիվանդ կենդանուն կարելի է մորթել, մսեղիքը ջերմային մշակման ենթարկել: Հիվանդության վարակի տարածման համար ամեն ինչ էլ հնարավոր է: Չմոռանանք, որ այդ մարդիկ մորթով են զբաղվում նաև իրենց տնտեսությոեւններում»:
Մեր դիտարկմանը, որ դեռ պատճառը չպարզվեց, հիվանդության սլաքն ասես միտումնավոր ուղղում եք աշխատակիցների վրա, Ավագյանը չհամաձայեց՝ պատմելով հիվանդության գաղտնի շրջանի մասին:

«Մեր վերլուծություններն են ցույց տվել, որ նրանք Մաքսիմ Հակոբյանի սպանդանոցի աշխատակիցներն են: Այստեղ ոչ մի բան, միտում չի եղել, որ Հակոբյան Մաքսիմինն է, ուրեմն...եթե լիներ, ապա քրեական գործ չէր հարուցվի»,-իր հերթին լրացրեց Մկրտչյանը:
Հանդիպմանը տեղեկացվեց, որ 2015 թվականի այս պահի դրությամբ ՀՀ-ում կենդանիների կարանտին, սուր վարակիչ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, արջանագրվածները վերաբերում են միայն բրուցելոզ հիվանդությանը.

«Թվով 644 խոշոր եղջերավոր և 285 գլուխ մանր եղջերավոր անասուններ են վարակվել հիվանդությամբ: Հիվանդների քանակը կարող է նաև ավելանալ, ընթացքի մեջ են կանխարգելիչ պատվաստման աշխատանքները: Նման դեպքերը հետագայում բացառելու համար ուղեցույց է ընդունվել»,-ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ բրուցելոզով հիվանդացել էին Հակոբյանի սպանդանոցի 19 աշխատակից: