Մայիսի 19-ին «Ազատ Հայրենիք» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների նախագահներ Արայիկ Հարությունյանը եւ Աշոտ Ղուլյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով հաստատուն մտադրություն է հայտնվում 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության ընթացքում խորացնել երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը՝ համաձայնեցված որոշումների քննարկման և ընդունման, այդ թվում՝ խորհրդարանի մշտական մարմինների ձեւավորման հարցերում: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել անցած 10 տարիներին երկու կուսակցությունների համագործակցությունն Ազգային ժողովում:

«Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս համաձայնությունը Արցախի քաղաքական դաշտին նոր լիցքեր է հաղորդելու: Քաղաքական երկու ուժերի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունից նոր խորհրդարանի գործունեությունը միայն շահելու է, եւ այն պետք է ծառայի ի նպաստ ժողովրդի ու երկրի: Միջոցառմանը մասնակցում էին երկու կուսակցությունների ղեկավար մարմինների ներկայացուցիչները: