Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիպել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Երևան ժամանած Սյունիքի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Գեղարքունիքի սահմանապահ համայնքների աշակերտներին:

Կառավարության ղեկավարը զրուցել է աշակետների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող բազմաբնույթ հարցերին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը և ողջունել աշակերտների այցը Երևանի մշակութային օջախներ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է մեծ ուշադրություն ցուցաբերել սահմանամերձ համայնքներին և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ձեր դասընթացներն անցկացնեք անվտանգ պայմաններում»,- նշել է վարչապետը:

Աշակերտների ծնողները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման ծրագրի իրականացմանը նպաստելու և սահմանամերձ համայնքների նկատմամբ մշտական հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Նրանց խոսքով՝ կառավարության տարբեր նախաձեռնությունների և մի շարք արտոնությունների շնորհիվ սահմանամերձ համայնքներում էապես նվազել է արտագաղթը, բարելավվել բնակչության սոցիալական վիճակը:

Կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ Երևանի մի շարք մշակութային օջախներ: Երեխաները եղել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հայաստանի պատմության թանգարանում, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում դիտել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգային ծրագիրը, Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: