1960թ. մայիսի 23-ին իր մահկանացուն է Հայոց ցեղասպանության վերապրող և ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը,  ով գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թ. Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թ. և 1913 թ. փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թ. Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։

1921 թ. Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլիրյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում։ Սակայն 1921 թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլիրյանին։ Վերջինս պաշտպանվում էր երեք դատապաշտպանների կողմից, որոնցից մեկը դոկտոր Թեոդոր Նիմայերն էր՝ օրենսդրության պրոֆեսոր Քիլի համալսարանից։

Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թ. հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թ. մայիսի 23-ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։