«Այն պահից, երբ մամուլում և դեռևս հանրության շրջանում եղան նման խոսակցություններ, մինչ անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պաշտոնական հաստատումը, որ իրենք ստացել են հայտ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջինն էր, որ Խորհրդարանում էներգետիկայի փոխնախարարին տվեց հարց, ես ինքս ուղղեցի հարց. մամուլում շրջանառվում է խոսակցություններ, թե հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, պատասխանեք կարճ՝ այո կամ ոչ... վերջինս պատասխանեց, թե ինքը տեղյակ չէ»,- այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

- Բնականաբար դրան հետևեց արդեն հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով ներկայացված պաշտոնական հայտը: Անմիջապես, ես ինքս անձամբ զրուցել եմ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, հրավիրել եմ մեր խմբակցություն, որպեսզի վերջինս պարզաբանումներ տա, թե ինչ հիմքերով, ինչ վերլուծությունների հիման վրա են հայտատու կազմակերպությունները ներկայացրել հայտ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ, որովհետև, երբ մենք հետևում ենք այս կազմակերպությունների գործունեությանը, ապա որևէ տրամաբանական տնտեսական բացատրություն չկա, թե ինչո՞ւ իրենց կորուստների, ինչո՞ւ իրենց գերշահույթների, ինչո՞ւ իրենց անթույլատրելի շռայլությունների համար պիտի վճարի ՀՀ հարկատուն:

Զրույցի առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ տիկին Զոհրաբյանը մտահոգված և վրդովված է խնդրի առնչությամբ: Իսկ մասնակցելու է արդյո՞ք պայքարին ԲՀԿ-ն...

- Ի դեպ, ասեմ, որ այսօր ժամը՝ 7-ին ԲՀԿ ներկայացուցիչները մասնակցելու են  մեկնարկող «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» քայլերթին, ինչպես նաև մարզերում մեր բոլոր տարածքային կառույցների ներկայացուցիչները մասնակցելու են նմանատիպ բոլոր ակցիաներին: