«Ինչո՞ւ «ՀԷՑ»-ի վատ մենեջմենթի և իրենց խայտառակ վատ կառավարիչ լինելու համար պիտի վճարի ՀՀ հարկատուն: Իմ հրավերով Ռոբերտ Նազարյանը պատրաստակամություն հայտնեց գալ «ԲՀԿ» և տալ պարզաբանումներ: Ավելին, քանի որ հարցը քննարկվեց նաև Խորհրդարանում, ես՝ որպես խմբակցության ղեկավար, ասացի, որ պատրաստ եմ մեր առաջարկությունը առավել ընդլայնել, որպեսզի հանդիպումը տեղի ունենա ոչ միայն ԲՀԿ-ի հետ, այլև լինեն խորհրդարանական լսումներ, որտեղ կհրավիրվի, թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, թե՛ էներգետիկայի նախարարը, թե՛ «ՀԷՑ»-ի այն ղեկավարները, ում խայտառակ վատ մենեջմենթի պատճառով մենք պիտի վճարենք»,- այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնոր Նաիրա Զոհրաբյանը:

- Եվ իրենք թող այստեղ՝ Խորհրդարանում պարզաբանում ներկայացնեն, թե ինչպես է լինում, որ կորուստներով աշխատող ձեռնարկությունների ղեկավարները ապրում են ինչպես արաբական շեյխեր: Միգուցե իրենք կարղանան խորհրդարանում ներկայացնեն հիմնավոր բացատրություններ, դա այլ հարց է: Նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել նաև Խորհրդարանի ղեկավարության և քաղաքական ուժերի միջև, որ առաջիկա օրերին լինեն լսումներ: Ռոբերտ Նազարյանը ինձ հետ զրույցում նշեց, որ իրենք լրացուցիչ հարցադրումներ են ուղարկել հայտ ներկայացնող կազմակերպություններին, որպիսի որոշ հարցեր իրենց համար ևս պարզաբանվեն, երբ իրենք այս պատասխանը կստանան, բնականաբար Խորհրդարանական լսումները տեղի կունենան:

Ես վստահ եմ, որ այդ լսումները կլինեն առաջիկա քառօրյայի վերջին օրերին: Համենայնդեպս, կարծես թե նախնական պայմանավորվածությունը այդպիսին է: Մեկ բան հստակ է. անթույլատրելի է ՀՀ քաղաքացուն պարտադրել վճարել վատ կառավարիչների թալանի համար: Ես ինչու եմ օգտագործում թալան բառը, որովհետև էներգետիկայի նախարարը ինքը չժխտեց, որ այո, ոլորտում եղել են չարաշահումներ, իսկ դա ուղղակիորեն արդեն քրեական հանցագործություն է: Եվ ես չեմ բացառում, որ լսումների արդյունքում առաջանան իրավական պատասխանատվության խնդիրներ, բայց սա արդեն կերևա լսումների ընթացքում:

Նշենք նաև, որ մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, խոսելով հայտում թույլ տրված «վրիպակի» մասին, ասել էր. «եթե դա վրիպակ է, թող իրենք պաշտոնական պարզաբանմամբ հանդես գան, որ իրենք ցեմենտը չեն գնում մեկ կիլոգրամ ոսկու արժեքով»: