Հայաստանում կրկին նախընտրական խառնաշփոթ է. համայնքային ղեկավարների ընտրություններ են սպասվում Արտաշատ և Աբովյան քաղաքներում: Հունիսի 7-ին քաղաքապետ կընտրեն նաև Ալավերդիում:

Բոլոր քաղաքներում ընտրապայքարը թեժ է և անզիջում, սակայն քարոզարշավը չսկսված խախտումների և տարբեր տեսակի շահարկումների մասին մտահոգիչ լուրերը հիմնականում Ալավերդի քաղաքից էին: Թեկնածուները երկուսն են՝ Արթուր Աբգարյանը և Կարեն Փարեմուզյանը: Երկու թեկնածուներն էլ ընկալվում են որպես իշխանական շրջանակների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող և ազդեցիկ անհատներ: Մայիսի 20-ից մեկնարկած ընտրարշավը թեկնածուները սկսել են յուրովի. Կարեն Փարեմուզյանը նախընտրական քարոզարշավը մեկնարկել է կոպիտ խախտումներով: Համաձայն մեր աղբյուրների և արդեն իսկ լրատվամիջոցներով տարածված լուրերի՝ թեկնածուն, խախտելով օրենքը, քարոզչություն է իրականացնում դպրոցներում, պետական և հասարակական հիմնարկներում, ճնշումներ և ազդեցության այլևայլ միջոցներ կիրառում հնարավոր ընտրողների նկատմամբ:

Կարեն Փարեմուզյանին առաջադրել և օգնություն է ցուցաբերում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նալբանդյանի ջանքերով Փարեմուզյանի օգտին է աշխատում Ալավերդու պետական և հասարակական ողջ համակարգը: Նալբանդյանի միջոցներով Փարեմուզյանի օգտին քվեարկելու համար տարաբնույթ ճնշումների մեխանիզմներ է կիրառվում բնակիչների նկատմամբ:

Ալավերդու քաղաքապետի երիտասարդ թեկնածու Արթուր Աբգարյանը քարոզարշավը սկսել է համեստ և ոչնչով աչքի չի ընկել: Քարոզարշավի առաջին երկու օրերին Ալավերդի քաղաքում չկար նրա թեկնածությունը վկայող ոչ մի քարոզչական պաստառ կամ գովազդային նյութ, թեկնածուն մայիսի 22-ին հրաժարվել է մասնակցել տեղական «Անկյուն գումարած երեք» հեռուստաընկերության կողմից նախաձեռնած հեռուստաբանավեճին, պատճառաբանելով, որ ցանկալի չէ եթեր դուրս գալ բացահայտ խախտումներով և քաղաքացիների նկատմամբ ճնշումների քաղաքականությունը որդեգրած մրցակցի հետ, նշելով նաև, որ ինքը կմասնակցի նմանատիպ եթերի միայն այն պարագայում, եթե քաղաքացիներին հնարավորություն տրվի ուղիղ եթերում հարցեր ուղղել թեկնածուներին և որ ամենակարևորն է՝ չսահմանափակվի քաղաքցիների ինքնաարտահայտման իրավունքը բարոյական և ֆիզիկական սպառնալիքներով:

Արթուր Աբգարյանը Ալավերդիում հայտնի է որպես երիտասարդության, մտավորականների և, որ ընտրապայքարի համար ամենակարևորն է, թաղային հեղինակությունների վստահությունն ու աջակցությունը վայելող անհատ: Նրան աջակցում և օգնում է ընտանիքը, մասնավորապես հարազատ եղբայրը՝ Տարոն Աբգարյանը: Տարոնը մեծ հեղինակություն և սեր է վայելում քաղաքում, նրան է վերագրվում ներկայիս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ընտրական բոլոր հաղթանակները: Համաձայն մեր աղբյուրների՝ հենց Տարոն Աբգարյաինի ֆինանսական և ընկերական կապերի միջոցով է ներկայիս մարզպետը նախկինում Ալավերդու քաղաքապետ ընտրվել և սկսել իր քաղաքական կարիերան:

Արթուր Աբգարյանի նախընտրական պասիվությունը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ մարզպետը Աբգարյանների հետ գժտվելուց և հարաբերությունները խզելուց հետո ամեն ինչ անում է Աբգարյաններին խանգարելու և վնասներ պատճառելու համար ու այս պարագայում մարզպետը ներքին հրաման է արձակել, ի սկզբանե արգելելով քաղաքացիներին, գործարարներին և ներկայումս գործող քաղաքապետին օգնել Աբգարյանին, նրան չեն տրամադրում գովազդային պաստառներ կախելու տարածքներ, խոչընդոտում քաղաքացիների հետ հանդիպումներին և արգելում ժողովներ անցկացնել մարդաշատ վայրերում:

Ալավերդիում քաղաքացիները, մեջբերելով մարզպետի խոսքերը, նշում են, որ մարզպետը իրեն քաղաքի տեր է համարում և այստեղ-այնտեղ խոսում է, որ Ալավերդիում բոլոր քիչ թե շատ հարց լուծող տղեքի վախը բռնած է, ինքը ոնց ուզի այդպես էլ լինելու է:
Առաջադրելով Կարեն Փարեմուզյանին՝ մարզպետ Նալբանդյանը նրան ու ոմն Ֆշիկ մականունով Էլ.ցանցերի տնօրենի օժտել է անպատիժ գործելու, ամեն գնով ընտրությունները հաղթելու հնրարավորությամբ և խոստումներով:

Ներկայումս նրանց ձեռքերում են կենտրոնացված պետական և հասարակական այն բոլոր ռեսուրսները, որոնց միջոցով նրանք վարչական տույժերի, ֆիզիկական ճնշումների և ահաբեկման հասնող սպառնալիքներով վերահսկողություն են սահմանել նաև «Վալեքս գրուպ» ընկերության աշխատակիցների նկատմամբ:

Այսօրինակ երևույթները միանշանակ ստվերում են ողջ ՀՀ ընտրական համակարգը, հիասթափեցնում մարդկանց և նրանց տրամադրում դեպի իշխանական շրջանակներ: Ներքևի օղակնեում հայտված չինովնիկների նմանատիպ կեցվածքը, պետական և հասարակական դիրքի չարաշահումները, քաղաքցիների հանդեպ արհամարհական և հանդուգն վերաբերմունքը հանգեցնում է քաղաքացիների զայրույթին ու անհանդուրժողական միջավայրի ձևավորմանը, ինչը հղի է անսպասելի դրսևորումներով ու հետևանքներով: