2002թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 29-ը հռչակեց Խաղաղապահների միջազգային օր: Սա երախտագիտության յուրահատուկ դրսևորում է խաղաղապահների ինքնազոհության և իրենց աշխատանքին անմնացորդ նվիրվածության հանդեպ: Այս օրը ոգեկոչում է այն, ինչ արվել է այս ուժերի կողմից աշխարհի տարբեր երկրներում խաղաղության վերագտման և վերահաստատման համար: Այսօր ՄԱԿ-ի խաղաղապահական գործողությունները չեն սահմանափակվում միայն զինադադարի պահպանմամբ, այլև փաստացիորեն լուծում են տասնամյակներով ձգվող կոնֆլիկտի արդյունքում անկման եզրին հայտնված երկրների վերականգնման խնդիրները:

Խաղաղապահների աշխատանքը միշտ ուղեկցվում է ռիսկով: ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գոյության ողջ ընթացքում շուրջ 3326 «կապույտ սաղավարտներ» իրենց կյանքը զոհաբերել են հանուն իրենց առաքելության:

Հայ խաղաղապահ ուժերը ևս ակտիվ մասնկացություն են ունենում այս կարևորագույն առաքելության իրագործմանը: Վերջիններս խաղաղապահական առաքելություն են իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում և այլն: Այս օրն է նշվում նաև հայկական խաղաղապահ ուժերի ձևավորման 14-րդ տարեդարձը: