ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները պետք է լինեն բացառապես զուսպ: Նա պետք է գիտակցի, որ ծառա է: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ոստիկանապետի պահվածքից:

«Նա մոռացել է, որ ինքը պետական ծառայող է: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրեն վարձել ենք, որպեսզի մեզ ծառայություն մատուցի»,- ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը միանշանակ դատապարտեց հունիսի 23-ի առավոտյան խաղաղ բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բռնի գործողությունները:

«Մինչ այս պահը ոստիկանությունում չունենք անձ, ով կմեղադրվի ապօրինի գործողությունների համար։ Հրաման տվողներն ու կատարողները պետք է կանչվեն պատասխանատվության։ Բոլոր քաղաքացիներին բերման ենթարկելը ապօրինի էր, իսկ հիմա մեզ չեն ծեծում, ջրցան մեքենայի հոսանքը մեզ վրա չեն ուղղում, որովհետև հրաման չունեն։ Հենց հրամանը լինի, բոլոր ոստիկանները մեկ րոպեում կվերափոխվեն ու կկատարեն հրամանը»,- շարունակեց նա:

Հիշեցնենք նաև, որ չնայած տեղի ունեցող իրադարձություններին, Բաղրամյան պողոտայում դեռ շարունակվում է նստացույցը: