Բաղրամյան պողոտայում տիրող հուզական դրսևորումներն արդեն անցյալում են, սակայն ճանապարհը դեռ փակ է, իսկ թե ինչ է իրականում կատարավում այնտեղ անհասկանալի է: Հանրության պահանջը արդար է՝ ՀԿԾՀ որոշման չեղարկում, սակայն միայն «փողոցում քնելով» անհնար է հասնել նպատակին: Անհրաժեշտ է գտնել բողոքն արտահայտելու այլ եղանակներ և հարթակներ:

Իսկ ինչո՞ւ են լռում համապատասխան իշխանական մարմինները: Հունիսի 23-ին իրականացրած բարբարոս գործողություններից հետո կառավարության «աչքը վախեցած է», ինչը իհարկե մեծ ձեռքբերում է հայ հասարակության համար, սակայն չարժե սա դարձնել էժանագին միջոց և սովորական երևույթ, որից հետո հնարավոր չի լինի դրա հետագա կիրառումը: Ցուցարարները պետք է հասկանան, որ անհրաժեշտ է որոշակիորեն վերանայել կամ փոփոխել իրենց քաղաքականությունը: Պետք է փնտրել և գտնել առավել արդյունավետ միջոցներ:

YerevanNews.am-ի խմբագրություն են դիմել բազմաթիվ դժգոհ քաղաքացիներ, ում դուր չի գալիս Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկի՝ Բաղրամյան պողոտայի փակ լինելը: Սա քաղաքացիներին պատճառում է բազմաթիվ անհանգստություններ, ինչը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Իրավապահ և պետական մարմինների կողմից «արհամարված» ցուցարարները հնարավոր է դեռ երկար ժամանակ անցկացնեն փողոցում՝ առաջացնելով հանրության զայրույթն ու արժեզրկելով ցույցի բուն նպատակը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված նստացույցը վերաճեց ինչ-որ անհասկանալի իրավիճակի: Նախաձեռնությունը փաստացի կատարեց իր գործառույթը՝ կարողացավ ոտքի հանել բազմաթիվ մարդկանց և ստացավ նախագահական մակարդակով արձագանք: Սակայն այժմ, նրանց կողմից ստեղծված բեմը մնացել էր ինչ-որ անհասկանալի գործիչների տիրապետության տակ:

Անհրաժեշտ է նշել նաև, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին որոշ գործիչներ փորձում են լուծել իրենց անձի ինքնահաստատման հետ կապված խնդիրները: Որպես վառ օրինակ կարող ենք նշել երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում Պարույր Հայրիկյանի կրկին Եվրամիության դրոշը ձեռքին հայտնվելը:

Ի վերջո, ինչո՞ւ է լռում իշխանությունը, ինչո՞ւ չի խոսում կառավարությունը և դեռ որքան պետք է փակ մնա Բաղրամյան պողոտան:

Մարիամ Տաշչյան