««Հայհիդրոմետ» ծառայությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հայտարարություններ են տարածում, թե 40+ ջերմաստիճան չունենք: Ամենաբարձր ջերմաստիճանը 39-ն է, մինչդեռ քաղաքացիները դրսում հալվում են, ուստի բոլորը թերահավատ են կանխատեսումների նկատմամբ:

Սակայն, մեր տեղեկություններով, իրականում անցած երկու օրերին օդի ջերմաստիճանը 40-ից բարձրացել է. նախօրեին 43 է եղել, ինչպես նաև առաջիկայում էլ 40+ է սպասվում, սակայն «Հայհիդրոմետին» հրահանգ է իջեցվել այդ մասին չհաղորդել և ամենաբարձր ցուցանիշ ներկայացնել 39-ը:

Բանն այն է, որ Աշխատանքային օրենսգրբի 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին լրացուցիչ կամ հատուկ ընդմիջումներ պետք է տրամադրվեն, եթե աշխատանքը կատարվում է +40 կամ -10 աստիճանի պայմաններում: Այս ընդմիջումների տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով:

Բացառություն է արվում այն հիմնարկների համար, որոնք 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում ապահովված են նորմալ աշխատանքային պայմաններով, այդ դեպքում «լրացուցիչ կամ հատուկ ընդմիջումները պարտադիր չեն»: Բայց եթե պաշտոնապես հաղորդեն, որ +40 է, չի բացառվում, որ որոշ հիմնարկներում, հատկապես պետական, աշխատողներն «ավելորդ» գլխացավանքներ ստեղծեն գործատուների համար և պահանջեն ապահովել իրենց իրավունքները:

ՏԿԱՒՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ փոխանցեց, որ օդի ջերմաստիճանը վերջին օրերին չի գերազանցել 39 աստիճանը, և առաջիկա 5 օրերի ընթացքում էլ իրենք դրանից բարձր ջերմաստիճան չեն կանխատեսում, իսկ իրական վիճակը թաքցնելու «հրահանգ չեն ստացել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։