Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ մեծանուն արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններ, արվեստասերներ։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին ծաղիկներ է խոնարհել Մհեր Մկարտչյանի շիրիմին, խնկարկել են արտիստի հիշատակին, նաև մեծարանքի խոսք ասել ու հիշել պատմություններ նրա կյանքից։

«Դերասանական արվեստի անբացատրելի մեծ դիապազոն ունի Մհեր Մկրտչյանը։ Անծայրածիր հոգու տեր դերասան էր։ Նույն ներկայացման ընթացքում հանդիսատեսը լիաթոք ծիծաղում էր, հետո հուզվում, լաց լինում, ապա կրկին ծիծաղում… Մենք ու մեզնից ավագներն այն երջանիկներից ենք, ովքեր առիթ ունեցան ոչ միայն բեմում տեսնելու Մհեր Մկրտչյան մեծությունը, այլ նաև պատիվ ունեցավ կյանքի որոշակի հատվածներում ընկերություն անելու նրա հետ։ Այսօր էլ թատերական ինստիտուտում գրեթե յուրաքանչյուր ուսանող, ում հարցնում ես հայ թատերարվեստի երախտավորների մասին, նախ նշում են Մհեր Մկրտչյան անունը ու քաջատեղյակ են նրա ստեղծագործական կյանքին», - նշել է Հայաստանի թատերական գործիչների միության հախագահ Հակոբ Ղազանչյանը
«Ակնառու գյումրեցի ու հրաշալի երևանցի լինելով՝ Մհեր Մկրտչյանը նաև հմայք է հաղորդում Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանը։ Ներկաներից շատերդ երջանիկ մարդիկ եք, քանզի պատիվ եք ունեցել շփվելու մեծն Մհեր Մկրտչյան մարդու ու արտիստի հետ, վայելելու նրա ներկայությունը։ Արտիստի լավագույն մեծարանքը, ինչու ոչ, նաև շիրիմի մոտ, ծափահարությունն է. բրավո՛, Մաեստրո»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ապա ներկաները նաև ծափահարություններով են նշանավորել մեծանուն արտիստի ծննդյան օրը։