ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը այսօր ամփոփեց բուսաբուծության ոլորտի ընթացիկ տարվա կիսամյակային արդյունքները: Նա հպարտությամբ նշեց՝ գյուղատնտեսական տարին բերքառատ է և արդյունքն է պետական աջակցության ծրագրերի՝ պարարտանյութեր, դիզվառելիք, ցածր տոկոսադրույքով վարկավորում, սերմացուների տրամադրում և մարզերից ստացված պահանջարկի ապահովում:

Նույնպիսի «հպարտությամբ» փոխնախարարը հայտարարում էր, որ ծիրանի, բանջարեղենի հիանալի բերք ունեցանք: 

Այստեղ անհրաժեշտ է հիշել, մի քանի օր առաջ գյուղացիների խնդրին մեր անդրադարձի մասին. «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը հրաժարվում է նույնիսկ ամենաէժան գնով գնել ծիրանն ու մթերել՝ լիակատար անհույս վիճակում թողնելով գյուղացիներին: 

Եվս մեկ դեպք. Սերգո Կարապետյանը վերջին նիստում մի որոշման նախագիծ առաջարկեց. «15 տարի առաջ 10 տարով համայնքներին վարձակալության հանձնված տրակտորները պետք է հանվեն աճուրդի: Սերգո Կարապետյանի խոսքերով համայնքներին առաջարկվել է վերոնշյալ 28 միավոր տրակտորներից յուրաքաչյուրը գնել 400 հազար դրամով, չգնելու դեպքում դրանք կդրվեն աճուրդի»:

Սա իրականում կարելի է որակել որպես սպառնալիք, այլ ոչ թե առաջարկ: 

Իսկ ահա այսօր գյուղատնտեսության նախարարի տեղակալը «հպարտորեն» ներկայացնում է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը՝ աչք փակելով իսկապես կարևոր խնդիրների վրա: 

Անժխտելի է, որ տարին բերքառատ է, սակայն գյուղնախարարության գործառույթները միայն այդքանով չեն սահամանփակվում: Նախարարությունը առնվազն պետք է վերահսկողություն իրականացնի բերքի հետագա իրացման գործընթացի վրա, պետք է աջակցի գյուղացուն և չդրդի նրան դեպի արտագաղթ: 

Անհրաժեշտ է ևս մեկ անգամ նշել, որ խոսքը գնում է հենց նույն «Արտֆուդ» ընկերության մասին, որի գլխավոր տնօրենը Վաչագան Կարապետյանն է՝ Սերգո Կարապետյանի որդին։