Ինչպես հայտնել ենք, Բելգիայի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս փաստին արդեն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ՝ խորհրդարանի որոշումն անվանելով «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող»։

«Նմանատիպ որոշումները հայ-թուրքական հաշտեցմանը որևէ կերպ չեն աջակցում։ Մենք խստորեն դատապարտում ենք մեզ անարդար ձևով մեղադրող, պատմական իրողություններն ու թուրք ժողովրդի հիշողությունը անտեսող այդ որոշումը»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի համար։

Բելգիայի քայլին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ասելով. «Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը»: