Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրաքյան Քրդստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին:
Ողջունելով հյուրին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ նրա այցը նոր թափ կհաղորդի Հայաստանի և Իրաքի, մասնավորապես, Իրաքյան Քրդստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Քրդստանի հետ երկկողմ կապերի ընդլայնումը, և այդ մասին է վկայում նաև մայրաքաղաք Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշումը:

Ալի Սինդին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անունից ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ փոխանցել ՀՀ վարչապետին, կառավարությանը և հայ ժողովրդին: Նա նշել է, որ Քրդստանը շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների խորացմամբ, և իր այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հայ գործընկերների հետ քննարկել գործակցության զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի ակտիվացումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտումը: Տնտեսական ներուժի լիարժեք իրացման առումով երկուստեք կարևորվել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հայ և քուրդ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, գործարար համաժողովների և հանդիպումների կազմակերպումը: Նշվել է, որ միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2015 թ. աշնանը Բաղդադում, և այն հնարավորություն կտա քննարկել երկկողմ համագործակցության կոնկրետ ուղղություններ և կյանքի կոչել գործնական ծրագրեր: Կողմերը նաև բարձր են գնահատել փոխհարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Իրաքի դեսպանությունների ջանքերը:
Հանդիպման ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին է փոխանցել իր ջերմ ողջույնները: