«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ից մեկնել է արձակուրդ, որի տևողությունը պաշտոնապես չի հրապարակվում: Պաշտոնական հաղորդագրությունում ընդամենը նշվել էր «կարճատև արձակուրդ»: Իսկ թե նախագահական նստավայրում որքան ժամանակն են համարում «կարճատև»՝ մեկ շաբաթը, 15 օրը, թե մեկ ամիսը, հայտնի չէ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, ամեն դեպքում, ստիպված է լինելու մի պահ ընդհատել իր «կարճատև արձակուրդը» և վերադառնալ Հայաստան: Բանն այն է, որ օգոստոսի 2-ին նախատեսված է համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությունը, որին նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

Ի դեպ, մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվում, թե Սերժ Սարգսյանը կոնկրետ որտեղ է անցկացնում իր «կարճատև արձակուրդը»: Երեկ «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե ճիշտ է, որ նա օգոստոսի 2-ին իր արձակուրդը ընդհատելու է և վերադառնալու է Հայաստան` համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար: Հակոբյանից մենք հետաքրքրվել էինք նաև, թե, ի վերջո, որքան է տևելու այդ «կարճատև արձակուրդը», և որտեղ է նա այն անցկացնում: Սակայն մեր բոլոր հարցերին Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը տվեց հետևյալ պատասխանը. «Որպես կանոն, ՀՀ նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին»: Մի խոսքով, նախագահականում շարունակում է թևածել «սերս գաղտնի թող մնա» վարակը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: