ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը. տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները: Նշելով, որ սպասվում է լարված աշխատանքային տարի՝ նախարարը շեշտել է, որ անկախ նախորդ տարիների ձեռքբերումներից` պետք է նոր թափով ու եռանդով լծվել սպասվող աշխատանքներին:

Արմեն Աշոտյանի խոսքով` օգոստոս ամիսը կրթության ոլորտում ամենևին հանգստյան ամիս չէ. այն ամբողջությամբ պետք է տրամադրվի նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Նախարարն օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին` համակարգված և որակյալ աշխատելու կոչ է արել: Արմեն Աշոտյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերի դպրոցների` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ գուցե որոշակի նպատակային ծրագրեր իրականացվեն:

Նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել նաև Վրաստանի հայկական դպրոցների խնդրին, որտեղ ըստ Արմեն Աշոտյանի, որոշակի հարցեր են առաջացել, մասնավորապես, դասագրքերի հետ կապված: Նախարարը տեղեկացրել է, որ Վրաստանի իր գործընկերոջ հետ ձեռք է բերել համաձայնություն` մի շարք խնդիրներ լուծելու վերաբերյալ:

Նախարարը հանձնարարել է նաև նախապատրաստել աշխատանքային տարվա ընթացիկ միջոցառումների ծրագրերը՝ ընդգծելով, որ ակնկալվում են նոր նախաձեռնություններ: «Մասնավորապես, այս տարվա հիմնական գերակայությունը և ամենակարևոր բովանդակային նախագիծը պետք է լինի «Կրթության զարգացման պետական ծրագիրը-2016-25թթ.»: Արդեն մեկնարկել է համապատասխան գործընթացը, որն ահռելի քաղաքական և ռազմավարական կարևորություն ունի և, համոզված եմ, որ լայն հասարակական հնչեղություն կունենա և կանցնի հանրային բուռն քննարկումների փուլ, քանի որ իր մեջ ներառում է առաջիկա տարիների
կրթության տեսլականը»,- նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ այս տարվա երկրորդ խոշոր օրենսդրական նախաձեռնությունը «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքն է, որը ներկայումս Ազգային ժողովում քննարկումների փուլում է:

Նախարարը նշել է, որ կարևոր նախաձեռնություններ են սպասվում նաև բարձրագույն կրթության ոլորտում` թե Բոլոնիայի գործընթացի համատեքստում, թե ազգային մակարդակում:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ԿԳ նախարարությունում կիրակի օրը բռնկված հրդեհին` կոչ անելով այս շոգ օրերին առավել զգոն լինել էլեկտրական սարքավորումների հետ կապված խնդիրների հարցում:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը: