Եղեգնեձորի պահածոների գործարանը վերանորոգումից հետո նորից սկսել է աշխատել և տարատեսակ պահածոներ արտադրել: Տեղի մասնագետները և բնակիչներն այժմ հնարավորություն ունեն աշխատելու և գումար վաստակելու:

«Եղեգնաձորում տենց մարդ չկա, որ չողջունի յուրաքանչյուր դրական բան, թե որքանով կարդարացնի իրեն գործարանը, ես չեմ կարա ասեմ, կապրենք՝ կտեսնենք:

Բայց դրականն էն ա, որ մեր հող ու ջրի գյոզալ բանջարեղենը վերջապես նորմալ պահածո կսարքեն, իսկ հողագործությամբ զբաղվողները հենց տեղում կվաճառեն իրանց ապրանքը, ոչ թե կհասցնեն աշխարհի ծերը,- YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասած Եղեգնաձորի 42-ամյա Հակոբը:

Իսկ երկրից ու սյոցալական մի շարք խնդիրնեից գանգատվող 72-ամյա Վազգենն ավելացրեց. « Էհհհ, ինչ ասեմ, արդեն մարդ ոչ մի բանի չի հավատում, հույն էլ կորավ, հավատն էլ, 5 տղա ունեմ, մի աղջիկ, 3 տղաներս արտերկրում են, գնացել են գոյություն պահելու, ստեղ մնային ի՞նչ անեին՝ անգործ, իրանց երեխեքին ինչ պատասխան տային, հուսանք սենց գործարան-մործարան շատ կբացվի մեր երկրում, մարդիկ կաշխատեն, փոքր տղես գործի է մտել էդտեղ, դե առայժում գոհ է, տեսնենք հետո ոնց կլինի։

«Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ի աշխատակիցներից մեկն էլ ավելացվեց, որ իսկապես ուրախալի է, երբ մասնագետը կարողանում է աշխատել հենց իր ապրելավայրում:

«Ես արդեն 12 տարի է ավարտել եմ բարձրագույն ուսումս, բայց երբեք իմ մասնագիտությամբ չեմ աշխատել, հուսանք ամեն բան լավ կլինի, մնում է գործարանն իրեն արդարացնի»:

Նշենք, որ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում՝ այցելել արտադրական ձեռնարկություններ, ծանոթացել համայնքներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող տարբեր ենթակառուցվածքային ծրագրերին։
Վարչապետն այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, որը սկսել է գործել ընթացիկ տարվա հունիսից:

Կառավարության ղեկավարին տեղեկացվել է, որ գործարանն արդեն իսկ արտադրել է տարբեր տեսակի մթերքներից պատրաստված 270 հազար սպառողական տարա: Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Գործարանում ստեղծվել է 240 աշխատատեղ: Մինչ այժմ պահածոների գործարանը մթերել է 200 տոննա պտուղ-բանջարեղեն: Առաջիկայում այդ թիվը նախատեսվում է հասցնել 900-1000 տոննայի։

Համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ինչպես գազիֆիկացման աշխատանքների, այնպես էլ ոռոգման և խմելու ջրագծերի կառուցմանն օժանդակելու, մանկապարտեզի հիմնանորգման աշխատանքները կառավարության ֆինանսավորմամբ իրականացնելու համար։