Օրերս հայտնի դարձավ 5 խորհրդատվական ընկերությունների անունները, որոնք արձագանքել են ՀԾԿՀ-ին խորհրդատվական ծառայություններ մատուցելու առաջարկին:

YerevanNews.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը խոսեց ՀԷՑ-ում նախատեսվող աուդիտի արդյունքներից սպասելիքների մասին: 

Առանձնահատուկ սպասումներ չունե՞ք աուդիտի արդյունքներից:

- Իսկ որևէ մեկը ունի՞: Ինչի՞ մասին է խոսքը: Այսօր երկիրը ունի այնքան ահավոր տիպի խնդիրներ, որոնց լուծման մասին բացարձակապես չեն էլ մտածում մարդիկ: Ուրեմն ինչ-որ մեկը մտածում էր, որ սպասումներ կան... այն էլ այս խավարոտ, մշուշոտ իրավիճակում դրական սպասումներ պե՞տք է ունենալ:

Հույսներդ կտրե՛ք, այդպիսի բան չի լինելու:

Ես վատատես չեմ, ես պարզապես ասում եմ այն ինչ-որ կա:

Արտասահմանյան ընկերությունը պիտի գա ու «թոզ ու դուման» անի, փրկի՞ հայ ժողովրդին: Մի խեղճուկրակ դժբախտների ինստիտուտ էլ էտ պետք է լինի էլի: Աուդիտի ինստիտուտը դա վճարովի ծառայություն է, պիտի գան համապատասխան գումար վերցնեն ու պատվիրատուներին ասեն. «ո՞նց եք ուզում որ գրենք», այդպես էլ գրեն ու գնան: Աուդիտ բառը կարողա մարդկանց մոտ շփոթություն է առաջացնում, մարդիկ գիտեն դա փրկություն է նշանակում: Աուդիտը մի բառ է, որ դիմացինները չհասկանան, ժամանակ շահվի դրա համար: Հանկարծ մի մտածեք, որ աուդիտով պետք է վիճակը լավանա:

Ընդհանրապես դա պատվիրված, ինչ-որ մի օֆշորատիպի տեղում գրանցված կիսագոյություն ունեցող սուբյեկտ պետք է լինի, մի երկու հոգի գան այստեղ, մի 2 էջանոց թուղթ լրացնեն, այն էլ պիտի լրացնեն գիտեք ո՞նց, որ դիմացինին ասեն «ինչպես եք ուզում, որ լրացնենք» ու այդ թուղթը տան: Ու հետո, աուդիտը դա մի գործառույթ է ամբողջ աշխարհում, որի միջոցով, երբևիցե չհավատաք, որ բացահայտվում է ամբողջ համակարգում տեղի ունեցած ավազակությունը: