«Երկրում եղած խնդիրները վերանայելու, դրանցով զբաղվելու փոխարեն իշխանությունները սահմանադրական բարեփոխումներ են իրականացնում: Մենք հոսանքի խնդիրը իշխանությունների կոկորդին ոսկոր դարձնելով` միևնույն ժամանակ, պայքարելու ենք, որ սահմանադրական բարեփոխումները չիրականան»,- այս մասին այօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին»-ի նախաձեռնության խորհրդի անդամ Արթուր Քոչարյանը՝ հստակեցնելով, որ նախաձեռնությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

Ինչպես հայտնի է, «Ոչ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից վերսկսելու է պայքարը: Պահանջը նույնն է. էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման չեղարկում:

Ներկա էր նաև նախաձեռնության խորհրդի անդամ Արտուշ Չիբուխչյանը, ով ասաց.

«Բոլորին կոչ ենք անում սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16:00-ին, գալ Սիրահարների այգի ու միանալ մեր պայքարին: ՀԷՑ-ը ՓՄՁ-ներին հոսանքի թանկացման հետ կապված պայմանագրեր է ստիպում ստորագրել, կոչ ենք անում ՓՄՁ-ներին նման փաստաթուղթ չստորագրել: Այս անգամ գնալու ենք մինչեւ վերջ, քանի որ մեր 3 պահանջներից ոչ մեկը դեռ չի կատարվել»,- ասաց նա: