«Ժամանակ» թերթը գրում է.

«Օրերս մահվան ելքով հերթական դժբախտ դեպքն արձանագրվեց Գյումրիում: Ըստ մեզ տրամադրված պաշտոնական տեղեկատվության` օգոստոսի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրիի շտապբուժօգնության կայան կանչ է ստացվել քաղաքացու կողմից առ այն, որ Կատովսկի փողոցում կին է ընկած: Շտապօգնության խումբը դեպքի վայր հասնելուց հետո պարզել է, որ տվյալ տարածքում մահացած կինը 1959թ. ծնված՝ Կատովսկի 7 հասցեի բնակիչ Ջուլիետա Բադոյանն է: ՇԲՕԿ խմբի բժիշկը ախտորոշել է կենսաբանական մահ` էլեկտրահարությունից:

Բանն այն է, որ կինը այդ օրը երեկոյան՝ այդ ուշ ժամին տեղացող հորդառատ անձրևի ժամանակ, իր տնից դուրս է եկել՝ ցանկանալով մտնել հարևանությամբ գտնվող հայրական տուն, ինչի ընթացքում էլ էլեկտրական հաղորդալարը պոկվել ու ընկել է նրա վրա, և վերջինս տեղում մահացել է:

Գյումրու ՇԲՕԿ-ից մեզ պարզաբանեցին, որ մահը, ըստ իրենց բժշկի եզրակացության, վրա է հասել էլեկտրահարությունից, սակայն քանի որ այդ դեպքում բժիշկը դիակին դիպչելու իրավունք չունի, որպեսզի տեսնի էլեկտրահարության հետքերը` հոսանքի մուտքի և ելքի տեղերը մարմնի վրա, ապա մնացյալ տեղեկատվությունն արդեն կհստակեցնի համապատասխան հետաքննությունը:

Դեպքի առնչությամբ թեև երեք օր է անցել, սակայն որևէ կերպ չեն արձագանքել ու պարզաբանում չեն տվել ո՛չ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը և ոչ էլ բուն ՀԷՑ-ը, մինչդեռ կարծես թե հարցն անմիջապես իրենց է վերաբերում, քանի որ էլեկտրալարը, որի պատասխանատուն էլցանցն է, պոկվել ու ընկել է կնոջ վրա:

Իհարկե, այստեղ տեղին կլինի հարցադրումը հերթական անգամ ուղղել ՀԷՑ-ին` գուցե վերջապես բարեհաճեն անմիջականորեն կամ «Ղարս» մասնաճյուղի միջոցով պարզաբանել կատարվածը, ինչպես նաև պարզաբանել, թե ինչպես է ստացվում, որ հոսանքի թանկացման համար տասնյակ հատորներով հիմնավորումներ ներկայացնող ՀԷՑ-ը այդպես էլ չկարողացավ իր պարտավորությունների ծիրում գտնվող ներդրումների շրջանակներում Գյումրիում նորացնել հենասյուներն ու էլեկտրալարերը: Իսկ Գյումրիում տասնյակներով ու հարյուրներով կարելի է հաշվել մի քանի տասնամյակի տարիք ունեցող փայտե կամ մետաղե հենասյուները` ծանրաբեռնված արագիլի բույն հիշեցնող լարերով, որոնք ամեն վայրկյան ենթակա են կարճ միացումների ու հրդեհավտանգ են, չասելու համար նաև` հանրային վտանգավուություն ունեն շրջակայքի բնակիչների համար և ոչ միայն:

Ի դեպ, գյումրեցիները հրավիրում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, համապատասխան ստուգումներ անցկացնել Գյումրիում և պարզել հենասյուների պիտանելիության աստիճանն ու այլ հարակից հարցեր, որոնք վերաբերում են հին ու վտանգավոր հենասյուներին ու էլեկտրալարերին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: