Երեկ՝ օգոստոսի 28-ին, Արագածոտնի մարզի Մուլքի (Կայք) գյուղում մոտ 30 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են ցանքատարածքներ:

«Կարտոֆիլի, պտուղ-բանջարեղենի 5-10 հա ցանքատարածություն է վնասվել»,- YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Ռուբիկ Սարգսյանը: 

Գյուղապետը չկարողացավ ստույգ նշել, թե որքան է կազմել վնասը, քանի որ հանձնաժողովը դեռ չի որոշել: Նշեց միայն, որ վնասվել են ամբողջ գյուղի ցանքատարածքները: 

Ռուբիկ Սարգսյանը չկարողացավ հստակեցնել նաև, թե վնաս կրած գյուղացիները կստանան արդյոք փոխհատուցում, թե ոչ: Գյուղ է այցելել մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը: 

Նշենք, որ երեկ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ էր այցելել կարկտահարված ցանքատարածություններ, սակայն Արարատի մարզում: Հուսանք, որ վնաս կրած գյուղացիները կստանան փոխհատուցում կամ որոշակի օգնություն, այլ ոչ թե կշարունակեն կրել «խեղճ գյուղացու» պիտակը: 

Հուսանք նաև, որ սա Սերգո Կարապետյանի հերթական «ֆոտոսեսիան» չէ, այլ խնդիրների ուղղությամբ կատարված գործնական քայլ: