Ամիսներ առաջ հայ հասարակական և քաղաքական ասպարեզ մուտք գործեց «Ոչ թալանին» քաղաքացիական շարժումը, որը կարճ ժամանակում կարողացավ հասնել հաջողությունների: Շարժումը մեծ թափ առավ այդ պահին խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված պայքարի միջոցով:

Իսկ թե կհաջողվի արդյոք այս երիտասարդական շարժմանը հասնել հաջողության YerevanNews.am-ը փորձեց պարզել Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ զրույցում:

- Հասել է էլի: Ուժը ցույց տվեց: Մենք նայում ենք, թե ինչ եղավ, բայց մենք չգիտենք, եթե այդ շարժումը չլիներ ինչ կարող էր լինել: Դա պետք է խրախուսել, պետք է համակրել, անկախ այն բանից՝ «ով է հետևում կանգնած»: Հիմա սկսել է դավադիր մտածողական ցիկլ... «ով է հետևում կանգնած»...ով ուզում է լինի, եթե երկրի շահերից է բխում, թող՛ կանգնած լինեն: Եթե նախագահն է, թո՛ղ նա լինի, ավելի լավ:

Բայց, քանի որ դա երիտասարդական շարժում է, մի բան պետք է հստակ իմանալ. առանց հարցերի քաղաքականացման և իրական քաղաքական կուսակցությունների ստեղծման հաջողությունը 0.1 տոկոս է, ավելին չի կարող լինել: Դա էլ է հաջողություն, բայց ռազմավարական հիմնական հարց լուծել հնարավոր չէ առանց հարցերի քաղաքականացման և իրական քաղաքական կուսակցությունների:

Տեսնո՞ւմ եք, Հայաստանում կուսակցությունների դեմ ինչ քարոզարշավ է գնում: Ոչ թե կուսակցության, այլ դրա գաղափարի դեմ: Մինչդեռ չի կարող լինել դեմոկրատական հասարակություն առանց կուսակցական գործիքակազմի: Մենք «ծախվածներին», գործակալներին, դրածոներին ի նկարտի չունենք...իրական կուսակցությունների մասին է խոսքը, ինչը, որ Հայաստանում չի երևում:

Նաև պետք է լինի արհմիութենական անկախ շարժում. երկուսն էլ չկան Հայաստանում: Դրա համար էլ կարող են «ֆռցնեն», կարող են 10-յակ հազարավոր մարդկանց երթը «մեծ բանի» տեղ չդնեն: Եթե լիներ արհմիութենական կազմակերպություն, ապա, օրինակ՝ մեկ օրով կանգնեցվեր տրանսպորտի աշխատանքը, բոլոր հարցերը կլուծվեին, բոլոր կաշառակերները տեղից կթռնեին:

Կուսակցությունները պետք են... շարժումը պետք է քաղաքականանա, թե չէ տեղում՝ ասֆալտի վրա, ամբողջ օրը քրտնեն, պարեն, ուրախանան, ամուսնանան 0.1 տոկոս հարց կլուծվի, բայց արմատական հարցը չի լուծվի:

Լուսանկարը՝ photolure