Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարության այսօր` սեպտեմբերի 17-ին կայացած նիստում որոշում ընդունվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ որոշման նախագիծը։

ՀԷՑ-ի վաճառքի, շրջանառվող սեփականատերերի անունների մասին YerevanNews.am-ը զրուցեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:

- Ես բացարձակ տեղեկատվություն չունեմ, երբ կլինի պաշտոնական տեղեկատվություն կմեկնաբանեմ, իսկ մամուլային լուրերը, որոնք հաստատված չեն որևէ պաշտոնական տեղեկատվությամբ, իհարկե չեմ մեկնաբանի, որովհետև ես խիստ կասկածում եմ նման լուրերի հավաստացիության վրա

Խոսակցություններ կան, որ օֆշորային գոտում է գրանցված:

- Խոսակցություններն այն մասին, որ օֆշորային գոտում է գրանցված, որ այս կամ այն անձիք լինելու են բաժնետեր, ես չեմ մեկնաբանում, որովհետև ես չեմ կարծում, որ իրեն հարգող քաղաքական գործիչը պետք է մեկնաբանի խոսակցություններ և մամուլային ասեկոսեներ: Երբ այդ տեղեկությունները կհաստատվեն և կլինեն փաստացի ապացույցներ նշված տեղեկատվության հաստատման՝ առ այն, որ գրանցված է օֆշորային գոտում, որ բաժնետերեր են այս-այս անձինք, որոնց նկարները հրապարակված էին մամուլում, այդ ժամանակ իմաստ կունենար մեկնաբանելը:

Ես շատ սիրում եմ մեր հայկական ժողովրդական հեքիաթները, բայց Կիկոսի մահը տրանսֆորմացնել քաղաքականության մեջ, ինձ համար անընդունելի և մերժելի տարբերակ է: Կա փաստ՝ կա մեկնաբանություն, չկա փաստ՝ կա ընդամենը տեղեկատվություն և կա ընդամենը ենթադրություն կամ ասեկոսե: Ես այդպիսի չհաստատված տեղեկատվությունները չեմ մեկնաբանել երբևէ, չեմ մեկնաբանի այսօր և չեմ մեկնաբանելու նաև վաղը: