«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Քաքան», ինչպես նաև «կպեխոուխոունը», «ադեվուն» և «չեբեն» Տոգոյի ժողովրդական պարերն են, որոնք շուտով հոգեհարազատ կդառնան նաև ՀՀ բնակիչներին։ Բանն այն է, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարություն է բերել աֆրիկյան այս երկրի և Հայաստանի միջև մշակութային համաձայնության մասին համաձայնագիր, որին Հովիկ Աբրահամյանի կառավարությունը միաձայն հավանություն է տվել։ Մենք շատ ոգևորվեցինք նոր մշակութային ընկեր ունենալու հեռանկարով, այն էլ այսչափ էկզոտիկ։ Բանն այն է, որ Տոգոյում մարդիկ դեռ նիզակներով են շրջում, ինչպես և Հայաստանում, ինչը նշանակում է, որ ծեծուջարդն այնտեղ, ինչպես և Հայաստանում, մանր չարաճճիություն է համարվում։

Մեր նոր մշակութային գործընկերները որպես ժողովուրդ դեռ չեն կազմավորվել և բնակվում են ցեղերով։ Ընտանիքի, ցեղի, սեփական ամրոցի գաղափարը, ի տարբերություն պետության գաղափարի, խոր արմատացած է տոգոյացիների ուղեղում, և «ընտանիքին մի կպիր» հասկացությունը մի ամբողջ քրեական օրենսգիրք արժե։ Մոտ 45 ցեղատեսակ կա Տոգոյում, որոնցից ամենաբազմաթիվը «էվե» ցեղն է և «կաբրեն»։

Մեզ մոտ անձեռնմխելի ընտանիքները, ըստ որոշ գնահատականների, մոտ 44-ն են, որոնք կենտրոնացրել են իրենց ձեռքում ՀՀ ազգային հարստությունը։ Տեսնո՞ւմ եք ինչ դիպուկ և արդիական է Հասմիկ Պողոսյանի ընտրությունը, ինչ ճիշտ է նա արել, որ հենց Տոգոն է ընտրել որպես մշակութային համագործակցության երկիր»: