Ինչպես տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի գյուղերում (Գեղակերտ, Ծաղկալանջ) գյուղացիները ստիպված են մեծ քանակությամբ վարունգը նետել աղբը, քանի որ ունեն իրացման խնդիր: Մասնավորապես Գետաշենում սեպտեմբեր ամսին մի քանի օրվա կտրվածքով 50 տոննա վարունգ են նետել աղբը, իսկ Ծաղկալանջի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդիկ նույնիսկ չեն էլ հավաքում բերքը, այլ ուղղակի թողնում են հողի մեջ: 

Պարզելու համար, թե ինչպես լուծվեց վարունգի մթերման խնդիրը տվյալ գյուղերում YerevanNews.am-ը կապնվեց Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանի հետ:

- Ոչ մի ձև չլուծվեց:

Բայց Գյուղատնտեսության նախարարությունից խոստացել էին հարցին անպայման լուծում տալ:

- Չէ... էտքան գնացին, բերեցին էտ մարդկանց՝ տնտեսվարողների, բայց ոչ մի հարցի լուծում էլ չտվեցին, տենց էլ մնաց... թափեցին և թափում են մինչև հիմա:

Սերյոժա Առաքելյանը նշում է, որ աղբանոց է թափվել մոտ 400 տոննա վարունգ: Գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ մարդկանց մեծամասնությունը մեծ գումարներ է վերցրել բանկերից: Գյուղատնտեսության նախարարությունից էլ նույնիսկ չեն էլ խոսել որոշակի փոխհատուցման մասին:

- Գյուղացիները գտնվում են շատ վատ վիճակում: Բանկերից կախված... բերքը հիմա համարյա լրիվ փչացել է: Դե որ չէր վաճառվում չհավաքեցին, բայց կան դեռ ունեցողներ,- եզրափակեց պարոն Առաքելյանը:

Նշենք, որ մեզ հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասել էր. «Մենք պայմանավորվածություն ունենք վերամշակողների հետ, որոնք, հաշվի առնելով առկա ծավալները, ավել են մթերում: Ինչպես նաև արդեն պայմանավորվել էինք, որ եթե ցանկացողներ լինեն, գյուղմթերքի լրացուցիչ տեղեր կհատկացնենք»: