«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է 32-ամյա Ալիկի, 19–ամյա Լեռնիկի և 35-ամյա Ղևոնդի (անունները փոխված են) գործի դատական քննությունը։ Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անունը փոխված է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները։ Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել Է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։

Այնուհետև նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղևոնդին ու Լեռնիկին (երեքն էլ առաքիչներ են)։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.-ին պատկանող «Մերսեդես» մեքենան և աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին։

Ալիկին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1 –ին մասով։ Լեռնիկին և Ղևոնդին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։