Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, ովքեր մեր երկիր են ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:

Նախագահը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այն առաքելության համար, որով ամերիկացի բժիշկները ժամանել են մեր երկիր՝ իրենց մասնագիտական պարտքը կատարելուց բացի, նպաստելով նաև հայ-ամերիկյան հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ՀՀ մարզերի համաչափ զարգացման տեսանկյունից մեծապես գնահատելի է ամերիկացի բժիշկների գործունեությունը մարզերում՝ ինչպես տեղի բնակչությանն օգտակար լինելու, այնպես էլ մարզերի բուժաշխատողներին իրենց հմտությունները փոխանցելու տեսանկյունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է, որ Միացյալ Նահանգներում զգալի հաջողությունների հասած մեր հայրենակիցներից բացի, պատվիրակության մեջ ընդգրկվել են նաև ամերիկացի բժիշկներ, ովքեր հայ գործընկերների կողքին իրենց մեծագույն ջանքն են ներդնում Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բնակչության առողջության պահպանման ու բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է այս օրերին ձևավորված կապերի պահպանումը նաև առաքելության ավարտից հետո և նման այցելություններին պարբերական բնույթ հաղորդելը:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ մեծագույն հպարտությամբ ու սիրով են իրականացնում իրենց աշխատանքը և ուրախ կլինեն ապագայում ևս իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու գործին՝ օգտագործելով նաև աշխարհագրական հեռավորություններն անտեսող տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: