Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում կերտել է հարուստ, ինքնատիպ երաժշտություն, որի նուրբ հյուսվածքներում արևմուտքի միտքն ու ավանդույթը շաղախված են արևելյան խորհրդավոր հմայքով: Խոսելով մեր հոգևոր երաժշտության գոհարների մասին միայն կարող ենք միանշանակ փաստել, որ այն քրիստոնեական աշխարհում հնագույններից է:

«Ցավոք, պատմական և գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առ այսօր նոտաների համաշխարհային շուկայում հայ ազգային երաժշտությունը ներկայացնող նմուշներ գրեթե չկան»,- մեզ հետ զրույցում ընդգծեց «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի գլխավոր խմբագիր Արթուր Շահնազարյանը, հավելելով, որ Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու, Նարեկացու և մյուս հայ հսկաների հանճարեղ գործերը դեռևս սպասում են համաշխարհային երաժշտական գրադարաններում իրենց արժանի տեղը զբաղեցնելուն:

«Մշակութային Վերածնունդ» հիմնադրամն իր ծրագրի շրջանակում արդեն իսկ հրատարակման է ներկայացնում Մակար Եկմալյանի երկսեռ երգչախմբի համար գրված քառաձայն «Պատարագը», որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին: Ի վերջո, երկար տարիներ անց համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով և ձևակերպմամբ կմատուցվի հայ հոգևոր երաժշտական կարևորագույն մատյանը ՝ «Պատարագը»:

«Այո, ի վերջո երկար աշխատանքից հետո, կարծես թե արդեն ավարտին ենք հասցնում այս պատասխանատու աշխատանքը. Նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով և անգլերեն թարգմանությամբ մենք կկարողանանաք միջազգային հանրությանն ու սփյուռքին հասանելի դարձնելու համար վերահրատարակել մեր հայ եկեղեցու գլխավոր ծեսի այս կարևորագույն նմուշը»,- փաստեց «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի գլխավոր խմբագիրն ու խորհրդատուն: