Ինչպես հայտնել ենք,  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Այս նշանակման դրական և բացասական կողմերի մասին YerevanNews.am-ը զրուցեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ:

- Քանի որ ես ինքս ԵՏՄ-ին դեմ եմ քվեարկել և չեմ հավատում այդ ծրագրի հաջողությանը, այնպես որ այնտեղ որևէ նշանակման մասին, որևէ կարծիք կամ ցանկություն չունեմ արտահայտելու՝ հատկապես անձերի մակարդակով: Ինձ մենակ մի բան է հետաքրքրում. այն կառույցում, որտեղ հայ է նշանակվում, իր համար պետք է ի սկզբանե առաջնությունների շարքը լինի հետևյալը՝ Հայաստան, հետո մնացած երկրները: Եթե այնտեղ մարդ է նշանակվել Ռուսաստանից, բնականաբար, նա հետևյալ քաղաքականությունն է վարելու՝ Ռուսաստան, հետո միգուցե կմտածի Ղազախստան, Բելառուս, Հայաստան և այսպես շարունակ: Եթե Բելառուսից մարդ նշանակվեր՝ կմտածեր. Բելառուս, հետո միգուցե Ռուսաստան, Ղազախստան... Ղազախստանից լիներ, անպայման սզբից մտածելու է Ղազախստան, հետո Թուրքիա, Ադրբեջան և մնացածները: Ամեն մեկը իր շահերից ելնելով...

Ինձ չի հետաքրքրում ով, ինչ պաշտոն է ստացել, քանի որ չեմ հավատում այդ ծրագրին, բայց, այնուամենայնիվ, եթե Հայաստանի պատվիրակ է նշանակվել, ապա կցանկանամ, որ որևէ միջազգային կառույցում նշանակված հայը ունենա առաջնահերթություններ՝ իր շահերից ելնելով: Այստեղ պետք է լինի Հայաստան, հետո մնացած բոլոր երկրները:

Պարոն Պողոսյան, Տիգրան Սարգսյանի անձը բավական սկանդալային պատմությունների մեջ է խառնված:

- Այնպես չէ, որ ԵՏՄ-ն իրենից ներկայացնում է մի տարածք, որը հայտնի է իր օրինապաշտությամբ, իր արժեքներին միտված աշխատանքներով. Ղազախստանում կոռուպցիայո՞վ չեն առաջնորդվում, թե՞ Բելոռուսիան է մեզ հայտնի իր ժողովրդավարությամբ, թե՞ Ռուսաստանը: Այնպես որ, ԵՏՄ-ի ներսի հետ կապված որևէ նշանակում ինձ ամենաքիչն է հետաքրքրում, այն իմաստով, որ ամբողջ այդ դաշտը մի տեղ է, որտեղ Հայաստանը չունի որևէ մի բան վերցնելու և ստանալու: Ի՞նչ տարբերություն, թե ով է նշանակվել: