Ինչպես բազմիցս հայտնել ենք, այս տարի ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրավիճակը անորոշ էր: Մեծ քանակությամբ բերքը (խաղող, վարունգ, նուռ, ծաղկակաղամբ) փչացավ՝ իրացնել կամ մթերել չկարողանալու պատճառով

Միևնույն ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարում էր. «Իրենք շատ բան են ասում, ոչ մի բան էլ չեն թափում, մթերումները շարունակվում են, արդեն ավարտին են մոտենում խաղողի մթերման աշխատանքները: Վայոց ձորի մարզում ընդամենը մի քանի տոննա խաղող է մնացել մթերելու, որը երեք-չորս օրվա ընթացքում կավարտվի: Ամեն օր մթերումները շարունակվում են, ոչ մի խնդիր չկա: Գիտեք ինչ՝ շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ: Ի՞նչ ա նշանակում՝ փչանում ա, կարող ա լավ չեն պահում, փչանում ա»: 

Պատճառները պարզելու նպատակով YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) խոսեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:

Պարոն Բոստանջյան, ի վերջո, ի՞նչն էր պատճառը, որ այսքան բերք փչացավ:

- Նախորդ տարիների ընթացքում բերքատվության և բերքահավաքի կտրվածքով ՀՀ այդպիսի արդյունքներ չէր գրանցել, ինչպես ընթացիկ տարում: Եվ այսպիսի հարաբերականորեն առատության պայմաններում, ըստ էության, մենք չունենք համապատասխան ենթակառուցվածքներ՝ պահպանման հետ կապված, տեղափոխման հետ կապված, իրացման հետ կապված խնդիրները լուծելու համար: Մենք չկարողացանք ռացիոնալ ու արդյունավետ տեղաբաշխում և իրացում իրականացնեինք: Այ դրանով էր պայմանավորված:

Իսկ գյուղատնտեսության նախարարությունը նման կառույց չի հանդիսանո՞ւմ:

- Իհարկե, հանդիսանում է, բայց գյուղատնտեսության նախարարությանը ցանկացած միջոցառում, ցանկացած ծրագիր իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են պետք: Արի ու տես, որ ՀՀ այդ միջոցների կտրվածքով անընդհատ խրոնիկական լարվածություն է զգում, այդ թվում նաև գյուղատնտեսության նախարարությունը: Ու ոչ միայն իրենք, այլ բոլոր նախարարությունները: Դրա համար, գոյություն ունեցող ֆինանսական ռեսուրսների պարագայում նրանք կարողանում են անել այնքան, որքան որ արված է: Չհաշված վատ կառավարումը:

Այսինքն, միայն միջոցների պակասի պատճառով է...

Ես ասացի՝ չհաշված վատ կառավարումը:

Այս պարագայում միգուցե առավել նպատակահարմար է ուղղակի հրաժարվել գյուղատնտեսության նախարարությունից և ստեղծել համապատասխան կառույց, որը կզբաղվի գյուղացու մթերքի իրացման և մթերման աշխատանքները կազմակերպելով, քանի որ մի ամբողջ նախարարություն ի վիճակի չէ իրականացնել տվյալ գործառույթը (YN.am խմբագրություն):