Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:

«Վարդուհի Վարդերեսյանը հայ բեմի այն վարպետներից էր, ով հայրենի մշակույթին տասնամյակների նվիրվածության, ստեղծած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ վայելում էր հայրենակիցների սերն ու համակրանքը: Նրա կերտած հերոսներն ընդմիշտ կմնան հայ թատրոնի և կինոյի պատմության, ինչպես նաև արվեստի բազմահազար երկրպագուների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: