Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց պահուստային ֆոնդից 49 հազար 834 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ հատկացնել կառավարության աշխատակազմին՝ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու համար:

Այս գումարը հատկացվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ-ին միջև 2015 թվականի սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների 2-րդ փուլի կատարման համար:

Նախարար Երվանդ Զախարյանը նախագիծը գործադրին ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ նույն որոշման համաձայն 24 հազար 916 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ևս պետք է հատկացվի «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ-ին` վերջինիս հետ կնքված պայմանագրի շրջանակներում ընկերության հարկային պարտավորությունները վճարելու նպատակով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երվանդ Զախարյանին հանձնարարեց հանդես գալ վերլուծությամբ, որպեսզի քայելեր ձեռնարկեն ոլորտը կարգավորելու համար: