Սիրայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի խոցումը լուրջ լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում: Իրավիճակի սրումը հասել է ընդհուպ մինչև մի շարք ոլորտներում համագործակցության դադարեցման: Ավելին` սահմանափակվել է թուրքական գյուղմթերքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:

Այսպիսի իրավիճակում մեծ հանրավորություն է առաջացել Հայաստանից դեպի Ռուսաստան գյուղմթերքի արտահանմանը զարկ տալու համար, հատկապես, որ այս տարի եղանակային բարենպաստ պայմանների արդյունքում Հայաստանում գյուղատնտեսական առատ բերք է ստացվել:

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ գործադիրը արդեն իսկ սկսել է աշխատել այդ ուղղությամբ` «Սպայկա» ՍՊԸ-ի` ՀՀ-ից ամենամեծ էքսպորտ ապահովող ընկերության հետ քննարկելով դեպի Ռուսաստան տեղական գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հնարավորությունը:

Հարկ է նշել, որ Հայաստանից գյուղմթերքի` Ռուսաստան արտահանման համար լրացուցիչ նախադրյալ է նաև նախատոնական շրջանում առևտրի աշխուժացումը: Թուրքիայից դեպի Ռուսաստան արտահանվում էին հիմնականում ջերմոցային ապրանքներ և դրանց ՌԴ ներմուծման արգելքի պայմաններում հայկական արտադրողները նույնպես կարող են ավելացնել հատկապես ջերմոցային պայմաններում արտադրված գյուղմթերքի ծավալները:
Ի դեպ, հայկական գյուղմթերքը որակական բարձր հատկանիշներ ունի և կարող է բավարարել ռուսական սպառողի պահանջները:

Նարեկ Պողոսյան