«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գործարկել է hanraqve.am և hanraqve.com կայքէջերը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ վերահսկել դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն:

Այս մասին տեղեկացնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկության կեղծման նպատակով ուռճացվում են ընտրողների ցուցակները` դրանցում ընդգրկելով մահացած, գոյություն չունեցող կամ Հայաստանում չհաշվառված մարդկանց: Սա արվում է նրանց փոխարեն քվեարկելու նպատակով: Քվեարկություն է կատարվում նաև Հայաստանից բացակայող կամ քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն: Այս ընտրակեղծիքները հնարավոր են, քանի որ ընտրողների ստորագրած ցուցակները գաղտնիացված են, ինչը ընտրությունների զանգվածային կեղծման հիմնական գործիքն է: «Քաղաքացի դիտորդի» կողմից մշակված համակարգը կօգնի հանրաքվեի վերահսկման գործընթացը դարձնել առավել արդյունավետ:

Ինչպես է աշխատում համակարգը. քաղաքացու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան թիվը մուտքագրելով համապատասխան դաշտերում գտնել փնտրվող անձին և նշել՝ արդյոք վերջինս գտնվում է Հայաստանում և պատրաստվում է մասնակցել հանրաքվեին թե ոչ: Կարելի է նշում կատարել նաև այն անձանց մասին, ովքեր մահացած են, սակայն գտնվում են ընտրողների ցուցակներում: Մուտքագրված տեղեկություններն ապահովելու են դիտորդական կազմակերպություններին բացահայտել ընտրակեղծիքները՝ Հայաստանից բացակա, մահացած և քվեարկությանը չմասնակցած անձանց փոխարեն քվեարկության դեպքերը, ինչպես նաև բազմակի քվեարկությունները:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013թ. «Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: 2013թ. սկսած՝ նախաձեռնությունը դիտարկում է Հայաստանյան բոլոր ընտրությունները: