«Սահմանում տիրող իրավիճակի պատճառներից մեկը Թուրքիան է»,- 
Yerevannews.am- ի (Երևան Նյուզ) հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը ներկայացրեց այն հիմնավոր պատճառները, որոնք ենթադրում են սահմանի ներկայիս առավել լարված դրությունը.

«Սահմանում տիրող լարված իրավիճակը պայմանավորված է երկու գործոնով. առաջինը, իմ կարծիքով, դա Թուրքիայի պատվերն է, որը փորձում է, լարելով Արցախի և Ադրբեջանի իրավիճակը, և հայ-ադրբեջանական սահմանը, շեղել Ռուսաստանի ուշադրությունը ռուս-թուրքական այս ճգնաժամային փուլում, ինչպես նաև Սիրիայից Ռուսաստանի համար նոր ճակատ բացելով՝ փորձում է շեղել վերջինիս ուշադրությունը:

Թուրքիան ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո անընդհատ ադրբեջանամետ հայտարարություններ է անում՝ նշելով, որ ինքը ամբողջությամբ պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում և նույնիսկ կօգնի: Սահմանում տիրող իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ Բաքուն կատարում է իր մեծ եղբոր՝ Թուրքիայի պատվերը:

Երկրորդ պատճառն այն է, որ հենց բարձր մակադակի՝ նախագահների, արտգործնախարարների հանդիպումներ են նախատեսվում կամ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է ժամանեն, ապա Ադրբեջանը այդ պահին սրում է իրավիճակը, փորձելով միջազգային հանրությանը ցույց տալ, որ ինքը դժգոհ է գործող ստատուս քվոյից և բացարձակ չի էլ թաքցնում այն, որ իրավիճակի սրումը և զինադադարի խախտումն իր ձեռքի գործն է:

Մոտակա ժամանակներում նախատեսվում է երկու նախագահների հանդիպում, որի մասին արդեն պաշտոնապես հայտարարել են և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախագահների աշխատակազմերը, և՛ միջնորդները՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահների»:
Քաղաքագետը նշեց, որ ադրբեջանական կողմը այժմ փորձում է սրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում՝ դրանով փորձելով ներկայանալ իբր ուժեղ դիրքից,այդպես էլ դաս չքաղելով, որ ամեն հարվածից հետո հայկական կողմը տասնապատիկ անգամ հետ է վերադարձնում Ադրբեջանին:

Անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Գ. Համբարյանը հետևյալ կերպ ձևակերպեց իրավիճակը.

«Թուրքական կողմը նոյեմբերի 24-ից հետո անընդհատ ինչ-որ հայտարարություններ է անում՝ փորձելով մեղմել ռուս-թուրքական հարաբերություններում ստեղծված ճգնաժամը՝ կապված թուրքական օդուժի կողմից Սու 24 ռազմական ինքնաթիռի Սիրիայի օդային տարածքում կործանումից հետո, բայց երեք օր առաջ Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը արդեն պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանը ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման պահով ունի երեք նախապայման. առաջինը՝ Թուրքիայի կողմից Ռուսաստանից ներողություն խնդրելն է, երկրորդը՝ ռուսական ռազմական ուղղաթիռի օդաչուի սպանության մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացիների պատիժն է, որովհետև ռուսական կողմը նույնիսկ կոնկրետ նշում է այն մարդու անուն-ազգանունը, ով սպանել է ռուս-օդաչուին: Երրորդը՝ նյութական կոմպենսացիան է թուրքական իշխանությունների կողմից:

Ահա, միայն այս երեք նախապայմանները կատարելուց հետո, ըստ Կառլովի, ռուս-թուրքական հարաբերությունները կարող են վերադառնալ նորմալ փուլի:
Սակայն, ի պատասխան Կառլովի Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավիթողլուն նույն օրը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան երբեք ներողություն չի խնդրի Ռուսաստանից և նյութական կոմպենսացիա էլ չի հատուցի պաշտոնական Մոսկվային. դրանից հետևություն՝ ռուս-թուրքական հարաբերությունները բավականին երկար ժամանակ կլինեն այսպիսի ճգնաժամային փուլում»:

Քաղաքագետը նաև նկատեց, որ պաշտոնական Թուրքիան, իր արտաքին քաղաքականության դոկտրինը հաշվի առնելով, որը նախատեսում է ագրեսիա, այսինքն՝ նեօսմանիզմ և պանթուրքիզմ, ավելի մեծ խնդիրներ կստեղծի տարածաշրջանի երկրների համար, որը կանդրադառնա նաև ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
« Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից հետո Թուրքիան իր զորքերը դուրս չի բերում հարևան Իրաքի տարածքից՝պատճառաբանելով, թե ինքը այնտեղ իբր պաշտպանում է քրդերին, ինչպես նաև այնտեղ է գտնվում Մոսուլի շրջանում բնակվող էթնիկ թուրք փոքրամասնության խնդրանքով:

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Էրդողանը լիովին նեոօսմանական և պանթուրքիստական քաղաքականության կողմնակիցն է, որը շատ լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Թուրքիայի հարևան երկրների համար»: