Հայաստանում վերջին հինգ տարիներին ընտանեկան բռնությունների հետևանքով մահացել է 30 կին, որի պատճառով 45 երեխա մնացել է առանց մայրական խնամքի՝ փաստում է իրավաբան Էմիլ Մարկոսյանը:

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2015 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որից 150-ով քրեական գործեր են հարուցվել (2014-ին` 678 դեպք, 76 հարուցված քրեական գործ):

«2015 թվականին հարցումներից պարզվել է, որ ընտանեկան բռնությունների ենթարկվում են ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ: 2015-ին ամուսնու կողմից կնոջ նկատմամբ ընտանեկան բռնության 471 դեպք է կատարվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ` 15 դեպք, ծնողի կողմից զավակի նկատմամբ` 65 դեպք, զավակի կողմից ծնողի նկատմամբ` 106 դեպք»,- նշեց նա:

2011 թվականից Հայաստանում հոկտեմբերի 1-ին նշվում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրը` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:

Դեռևս 2008-2009 թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության անցկացրած առաջին հարցման տվյալներով` հարցման մասնակից կանանց 61 տոկոսը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25 տոկոսը` հոգեբանական բռնության, 9 տոկոսը` ֆիզիկական բռնության, մոտ 3 տոկոսը` սեռական բռնության, այդ թվում` մոտ 10 տոկոսը` միաժամանակ և՛ ֆիզիկական, և՛ սեռական բռնության:

Էմիլ Մարկոսյան