Այսօր մեծանուն և լեգենդար երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Հայ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին, Գյումրիում: Հայտնի է ժողովրդական երգերի կատարմամբ:

Նրա հայրը մարզիկ էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Ընտանիքում չորս երեխա էին, երկու տղա, երկու աղջիկ: Ֆլորան ամենափոքր երեխան էր: Վոկալ տվյալները ժառանգել է մորից: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան:

1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: 1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ: 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես:

1997 թ. նրանք վերադառնում են Երևան: 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես: 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա:

2007 թ. հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, "Այլևս երբեք" կարգախոսով:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

2011 թ. նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ:

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով: