Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ նրան ներկայացրել են կոմբինատի զարգացման ծրագրերը, իրականացված ներդրումները, ինչպես նաև կոմբինատի աշխատակիցների համար ստեղծված պայմանները: Նախագահը շրջայց է կատարել կոմբինատի տարածքում, ծանոթացել ձեռնարկության արտադրողականության և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, կոմբինատի կողմից իրականացվող քաղաքաշինական, բնապահպանական, առողջապահական և բարեգործական ծրագրերին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ: «Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են: Եվ եթե այդ աշխատանքները չիրականացվեին, ապա շատ ավելի հավելյալ բարդություններ կունենայիք միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետ կապված: Ես հիշում եմ 2008-2009 թվականները, այն ժամանակ էլ այսպիսի խնդիրներ ունեինք, և այն ժամանակ էլ լուծումներ տրվեցին: Հնարավորություն տրվեցին այդ բարդությունները հաղթահարել և հետո արդեն 2011-2012 թվականներին՝ հանքարդյունաբերողների համար ամենաբարենպաստ տարիներին ստանալ իրենց աշխատանքի արդյունք: Ես վստահ եմ, որ լուծումներ հիմա էլ անպայման գտնվելու են, և ոչ միայն Քաջարանում, այլ ընդհանրապես: Մեր հանքարդյունաբերության պոտենցիալը մեծ է, և այսօրվա գործող ձեռնարկություններն անպայման պետք է աշխատեն, նույնիսկ եթե պետք է աշխատեն ինքնարժեքով, անգամ ինքնարժեքից մի քիչ ցածր՝ գիտակցելով, որ ոչ միայն սոցիալական խնդիր են լուծում, այլ նաև, այսպես ասած, պատրաստվում են վաղվա իրենց աշխատանքի արդյունքները քաղել, այսինքն` նախապատրաստվում են միջազգային շուկաների բարենպաստ պայմաններում իրենց շահույթների կամ իրենց կատարած ծախսերի վերադարձին: Շատ լավ հասկանում եմ, որ այն ձեռնարկություններում, որտեղ վիճակը շատ թե քիչ բարենպաստ է, ունեն հավելյալ միջոցներ, ունեն ավելի հարուստ հանքաքար, դժվարությունները շատ ավելի քիչ են, քան միգուցե այստեղ: Բայց երբ ընդհանուր նայում ենք մեր հանքարդյունաբերության համալիրը, կարծես դուք ամենաբարենպաստներից մեկն եք ոչ միայն այն պատճառով, որ ծավալներն են մեծ, վստահ եմ նաև այն պատճառով, որ տարիների տևական աշխատանքը հիմա էլ բոլոր դեպքերում տալիս է իր արդյունքը: Ես մեր կողմից կարող եմ ավելացնել, որ մենք մշտապես փորձել ենք օժանդակել, որովհետև մեծ կոմբինատները մեր բյուջեի եկամուտների հիմքն են, մեծ ձեռնարկությունները մեր սոցիալական խնդիրները լուծողներն են: Մենք մշտապես աջակցում ենք և հիմա էլ պատրաստ ենք աջակցելու: ՀՀ կառավարությունը և բոլորս պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում և շատ պարագաներում էլ հնարավորություններից էլ ավել ձեզ օժանդակել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սեփականատիրոջը կամ սեփականատերերին, կառուցվածքը չգիտեմ, ձեզ՝ որպես կոմբինատի ղեկավարներ և, իհարկե, ողջ կոլեկտիվին՝ ամենապարզ բանվորից սկսած, որովհետև հենց նաև նրանց լավ աշխատանքով է, որ գործերը լավ են գնում: Վստահ եմ՝ այս անգամ էլ լուծումներ են լինելու, ես դրա մասնագետը չեմ, բայց համոզված եմ, որ կլինի մեկ-երկու տարի հետո, գները կնորմալանան, նորից բոլորդ էլի շատ մեծ հաճույքով և առատաձեռն կսկսեք սոցիալական ծրագրերը նաև այս տարածաշրջանի ժողովրդի համար»,- ասել է Հանրապետության Նախագահը: Խորհրդակցության ժամանակ հանքարդյունաբերության ոլորտի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ զեկուցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու կոմբինատի գլխավոր տնօրենը: