Անցել է գրեթե մեկ ամիս ինչ YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) նյութ հրապարակեց Սիսիանի Շաղատ գյուղում բնակվող Պետրոսի ընտանիքի մասին: 

45-ամյա Պետրոս Կարախանյանը ապրում է 3 անչափահաս երեխաների հետ, ծանր պայմաններում: Իրականում, Պետրոսն ունի 6 երեխա, որոնց արդեն 4-5 տարի է լքել է մայրը: Այժմ երեխաներին միայնակ մեծացնող հայրը չի կարողանում ապահովել բարեկեցության տարրական պայմաններն անգամ:  

Պետրոսի մեծ որդին Հայկական բանակի զինվոր է, իսկ 2-րդ 18-ամյա որդին, ով խուլ ու համր է, գտնվում է հարևան ընտանիքի տանը: Այս ընտանիքը պահում է նաև Պետրոսի 15-ամյա դստերը: Պետրոսն իր ավիրված տան մեջ բնակվում է 3 անչափահաս երեխաների հետ: Երեխաները 1-ին, 2-րդ և 6-րդ դասարանի աշակերտներ են: Այս երեխաների ապավենն են միայն գործազուրկ հայրն ու ծեր տատը: 

Պետրոս Կարախանյանն իր ընտանիքի հետ ապրում է Սիսիանի Շաղատ գյուղում:

Այս տեղեկությանը արձագանքեցին բազմաթիվ մարդիկ: Մեր խմբագրականում հավաքվեց մեծ քանակությամբ սննդամթերք, հագուստ և այլ իրեր: Մեզ դիմեցին նաև մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերանորոգել բնակարանը՝ ապահովելով թեկուզ նվազագույն բարեկեցության պայմաններ:

Հավաքված իրերն արդեն իսկ հասել են Շաղատ գյուղ «Միասին ենք» Բարեգործական ծրագրի և «Սիսիանի հելսինկյան ակումբ» ՀԿ-ի օգնությամբ: Հյուրերին դիմավորել են ընտանիքի հայրը՝ Պետրոսը, և 15ամյա Սրբուհին, մյուս երեխաները դպրոցում էին: 

YN.am-ը և Կարախանյանների ընտանիքը շնորհակալություն են հայտնում նախաձեռնությանը միացած բոլոր մարդկանց: