Չեմ ցանկանում անդրադառնալ մամուլի հրապարակումներին և տրված որակումներին, ուղղակի կնեշեմ, որ Կ.Անդրեասյանը պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն, և նշել, որ այլ ինտրիգներ և պատճառներ անիմաստ է փնտրել, ուստի կարելի է սահմանափակվել և հարգել նրա կարծիքը: Այս մասին YN.am-ի ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Հովասափյանը՝ խոսելով Կարեն Անդրեասյանի պաշտոնաթողության և ՄԻՊ նոր թեկնածուների մասին:

Ինչ վերաբերվում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, ապա նշեմ, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը և մնացած ուժերը ներկայացրել են իրենց թեկնածուներին, որքանով ես տեղյակ եմ` Փոստանջյանի թեկնածությանը ԱԺ-ում կողմ է Ժառանգությունից, Էդմոն Մարուքյանից և ՕԵԿ-ը: Նշվածից պարզ է դառնում, որ Փոստանջյանը, չնայած ունի իրավաբանի և իրավապաշտպանի հարուստ փորձ, սակայն այս իրավիճակում ՀՀ օմբուդսմեն դառնալու շանսերը քիչ են:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցության նիստի ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջարկեց Արման Թաթոյանի թեկնածությունը. խմբակցությունը հավանության արժանացրեց: