Լուսավորությունն այն է, երբ մարդ դուրս է գալիս անչափահասության վիճակից, որում գտնվում է իր մեղքով: Անչափահասությունը` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության սեփական դատողականությունից օգտվելու անկարողությունն է: Անչափահասությունն իր մեղքով. դա այն է, որի պատճառը ոչ թե դատողականության անբավարարությունն է, այլ` առանց կողքից ինչ-որ մեկի ղեկավարության դրանից օգտվելու վճռականության և քաջության պակասը: Sapere aude! – քաջություն ունեցիր օգտվելու սեփական խելքից:

Հետևաբար, այս է Լուսավորության նշանաբանը: Ծուլություն և վախկոտություն. ահա պատճառներն այն բանի, որ մարդկանց այդքան մեծ մասը, որոնց բնությունը վաղուց արդեն ազատել է ուրիշի ղեկավարությունից (naturaliter maiorennes), այնուամենայնիվ, ամբողջ կյանքի ընթացքում հոժարակամ անչափահաս է մնում. այդ նույն պատճառներով ուրիշներն այդպես հեշտությամբ յուրացնում են նրանց խնամակալը լինելու իրավունքը: Չէ՞ որ այնքան հարմար է անչափահաս լինելը: Եթե ես ունեմ գիրք, որը մտածում է իմ փոխարեն, եթե ես հոգևոր հովիվ ունեմ, որի խիղճը կարող է փոխարինել իմին, և բժիշկ, որն ինձ այսինչ կենսակերպն է նշանակում և այլն, ապա ինչո՞ւ պետք է ես ինձ անհանգստություն պատճառեմ:

Ինչո՞ւ մտածեմ, եթե ի վիճակի եմ վճարել. այդ ձանձրալի գործով իմ փոխարեն կզբաղվեն ուրիշները: Այն, ինչ մարդկանց զգալի մեծամասնությունը (և նրանց թվում` ամբողջ գեղեցիկ սեռը) ոչ միայն դժվար, այլև միանգամայն վտանգավոր է համարում – անցումը չափահասության – այդ արդեն խնամակալների հոգսն է, ովքեր այդքան սիրահոժար ստանձնում են այդ մեծամասնության գերագույն հսկողությունը: Այն բանից հետո,երբ այդ խնամակալները հիմարացրին իրենց ընտանի անասունին և խնամքով պահպանեցին նրանից, որպեսզի այդ հլու էակները համարձակվեին գոնե մի քայլ անել առանց օգնության, դեպի որը նրանց տանում են, այս ամենից հետո այդ էակներին նրանք մատնանշում են իրենց սպառնացող վտանգը, եթե նրանք փորձեն քայլել ինքնուրույն: Ճիշտ է, այդ վտանգն այնքան էլ մեծ չէ, չէ՞ որ մի քանի սայթաքումից հետո ի վերջո նրանք կսովորեին քայլել. սակայն այդ հանգամանքը նրանց անվճռական է դարձնում և վախեցնում է նրանց` հետ պահելով հետագա փորձերից…

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը